Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ի եղբայրը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը, ձերբակալությունից հետո երեկոյան ազատ է արձակվել ոստիկանական բաժանմունքից։ Միաժամանակ հետաքննությունը շարունակվում է։
Ոստիկանությունը նրան ձերբակալել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածով։ Ձերբակալության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում կասկածյալի անունը չէր նշվում։
Հաղորդագրությունում ասվում էր. «Փետրվարի 19-ին հետաքննության շրջանակում ձերբակալվել է մոտ 60 տարեկան Նորֆոլկի բնակիչ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածով։ Խուզարկություններ են իրականացվել Բերքշիրում և Նորֆոլկում գտնվող հասցեներում։ Տղամարդը կալանքի տակ է»։
Դեպքի կապակցությամբ Չարլզ III-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ տեղեկացել է տեղի ունեցածի մասին «խոր մտահոգությամբ»։ Նա ընդգծել է, որ լիովին աջակցում է հետաքննությանը և պատրաստ է համագործակցել իրավապահ մարմինների հետ։
Թագավորի հայտարարությունում նշված է. «Այժմ սկսվում է լիարժեք, արդար և օրենքին համապատասխան գործընթաց, որի ընթացքում հարցը պատշաճ կերպով կքննվի համապատասխան մարմինների կողմից։ Պարզ հայտարարում եմ՝ օրենքը պետք է հաղթի»։
Չորեքշաբթի երեկոյան Էնդրյուն նկատվել է ոստիկանական բաժանմունքից դուրս գալիս, այնուհետև նստել է ավտոմեքենայի հետևի նստատեղին և հեռացել։
Ոստիկանությունը նաև տեղեկացրել է, որ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը «ազատ է արձակվել հետաքննության շրջանակում», այսինքն՝ նրա նկատմամբ քննությունը շարունակվում է։ Հաղորդագրության մեջ հավելվում է, որ Նորֆոլկում իրականացված խուզարկություններն ավարտվել են։
