ՀԱԵ Եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ, ասվում է Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի արդյունքում տարածված հայտարարության մեջ։ Այն ստորագրել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Կ․Պոլսի Հայոց Պատրիարքության քսանհինգ եպիսկոպոսներ։
Նշվում է, որ քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների ելքը Հայաստանից ու մասնակցությունը Եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող այս պատկառելի հավաքին։
«Արհեստականորեն ստեղծված այս խոչընդոտի պատճառով մենք հարկադրված էինք տեսակապի միջոցով ունկնդիր լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամին»,- ասվում է հայտարարության մեջ։
Եպիսկոպոսները կոչ են արել ՀՀ իշխանություններին դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա։
Նրանք հորդորել են վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին, ազատ արձակել կալանավորված չորս սրբազաններին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին, գործել բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն։
Եպիսկոպոսաց դասը նշել է, որ առկա խնդիրներն ու հակառակությունները պետք է փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։
Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները միաժամանակ հորդորել են խոտորյալ ութ սրբազաններին գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ, ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել բացառապես Եկեղեցու լիազոր ատյաններում։
