ՈւԵՖԱ-ն կարգապահական հետաքննություն է սկսել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Բենֆիկա» — «Ռեալ» Մադրիդ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Եվրոպական ֆուտբոլային կառույցը մտադիր է հարցաքննել միջադեպի բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ Կիլիան Մբապեին։ Ֆրանսիացի աստղը խաղից հետո հրապարակայնորեն հայտարարել էր, որ լիսաբոնյան ակումբի կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանին ռասիստական արտահայտություններ է թույլ տվել իր թիմակցի հասցեին։ Նշվում է, որ պատժամիջոցներ կկիրառվեն միայն անհերքելի ապացույցների առկայության դեպքում։
ՈՒԵՖԱ-ն արդեն պաշտոնական մեկնաբանություն է տվել իրավիճակի վերաբերյալ Sky Sports News-ին տրամադրած հայտարարության մեջ.
«Ընթանում է պաշտոնական զեկույցների վերլուծություն։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում կհարուցվի վարույթ, իսկ կարգապահական պատժամիջոցների կիրառման դեպքում համապատասխան տեղեկատվությունը կհրապարակվի ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում։ Այս փուլում մենք հավելյալ մեկնաբանություններ չունենք»։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին՝ Մադրիդում։