19 փետրվարի 2026 – 19:03 AMT
PanARMENIAN.Net – «Սրբազան պայքարի» գործով կրկնակի խտրականության հետ գործ ունենք, ասել է Բագրատ սրբազանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը դատական նիստից առաջ, հայտնում է Panorama.am-ը:
«Այս գործով կրկնակի խտրականության հետ գործ ունենք։ Այսինքն, գիտենք, որ 18-ն էլ արդար են, անմեղ են, բայց անազատության մեջ են երկուսը՝ Բագրատ սրբազանն ու Վահագն Չախալյանը»,- ասել է փաստաբանը։
Նույն գործով անցնող ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, Մովսես Շարբաթյանը, Իգոր Սարգսյանը, Կարո Օկումուշյանը և Արմեն Ալեքսանյանը գտնվում են տնային կալանքի տակ, իսկ մյուսների նկատմամբ ընտրվել են ազատազրկման հետ չկապված խափանման միջոցներ։
«Հասկանալի է, թե ինչ աստիճանի ճնշումներ են Հայաստանում դատական իշխանության նկատմամբ։ Տեսել ենք բազմաթիվ նմանատիպ դեպքեր, երբ ոչ ցանկալի, ոչ իշխանահաճո որոշման պարագայում դատավար է կալանավորվել»,- նշել է Սերգեյ Հարությունյանը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ ընտրված կալանքի ժամկետը երկարացվել է ևս 2 ամսով։
Կարեն Ֆարխոյանը մասնակիորեն բավարարել է դատախազի պահանջը, որը վերաբերում էր երեքամսյա կալանքի երկարացմանը։
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը որպես հիմնավորում նշել է, որ գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում, և Բագրատ Սրբազանը կարող է խոչընդոտել դատական գործընթացի բնականոն ընթացքին։ Դահլիճում ներկաները միջնորդությունը դիմավորել են «ազատություն» վանկարկումներով:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել են Հայաստանում իրականացնել ահաբեկչական գործողություններ և քայլեր, որոնք ուղղված են եղել իշխանության զավթմանը։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքը երկարացվել էր երեք ամսով, իսկ նոյեմբերի 13-ին այն կրկին երկարացվել է ևս երեք ամսով։