Երեկվանից համացանցում տեսանյութեր են պտտվում, որ երկու ադրբեջանցիներ Հայաստանի տարբեր վայրերից տեսանյութեր են տարածում, որտեղ պատմում են, թե իբր ժամանակին այդ տարածքներում ադրբեջանցիներ են ապրել։ Տեսանյութերից մեկն էլ արվել է Շիրակի մարզում՝ Գյումրիում, այնուհետև՝ Ամասիայում, որտեղ ադրբեջանցին մոտենում է պարեկներին, այնուհետև նկարում տարբեր շինություններ։

168.am-ն Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է 2 ադրբեջանցիների մասին, նրանք ի՞նչ էին անում Ամասիայում։
«Ինձ հետևյալն է հայտնի՝ այդ 2 ադրբեջանցիները համարվում են ՌԴ քաղաքացի, նրանց մեքենաները ռուսական համարներով են։ Այդ պատճառով էլ ոստիկանները ՌԴ քաղաքացու նկատմամբ որևէ միջոց ձեռնարկելու իրավասություն չունեն։ Այսքան բան է ինձ հայտնի։
Ինքս այդ մարդկանց չեմ տեսել, համացանցում տարածված տեսանյութով եմ տեսել»,- նշեց Ամասիայի համայնքապետը։

Ըստ նրա, 2 ադրբեջանցիները բնակիչների հետ խոսակցություն չեն ունեցել, միայն տարածքը նայել, նկարել ու հեռացել են։
«Այդ մարդիկ Գյումրիում էլ են եղել, ռեստորան են գնացել, հետո եկել են Ամասիա։ Մեր ԱԱԾ-ն ամեն ինչից էլ տեղյակ է, ամեն ինչ հսկողության տակ է, իրենք ավելի տեղյակ են, քան մենք»,- նշեց Ջեմմա Հարությունյանը։