Ծափաթաղում հոր կողմից սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայները վերադարձել են ընտանիք



Հասարակություն


Ծափաթաղում  հոր կողմից սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայները վերադարձել են ընտանիք։

Նրա խոսքով՝ մինչև երեխաներին մոր խնամքին հանձնելը մի քանի անգամ իրականացվել են տնայցեր, ստուգվել են կենցաղային և հիգիենիկ պայմանները, արձանագրվել են դրական փոփոխություններ։ «Երեխաները նույնպես պատրաստ էին ընտանիք վերադառնալուն»,- նշել է նա։


Գալոյանի փոխանցմամբ՝ փետրվարի 3-ին գումարվել է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են նաև Հայ օգնության ֆոնդի սոցիալական աշխատողը և հոգեբանը, որոնք աշխատել են երեխաների հետ։ Նիստի արդյունքում որոշում է կայացվել երեխաներին վերադարձնել ընտանիք։

Փետրվարի 6-ին երեխաները տեղափոխվել են տուն, իսկ արդեն փետրվարի 9-ից դպրոցահասակները սկսել են հաճախել դպրոց։ 
Նրա խոսքով ՝ պարբերաբար վերահսկողություն է իրականացվում․ «Այսօր, օրինակ, Միասնական սոցիալական ծառայության աշխատողները կրկին տնայց են իրականացրել»,– «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց  Գալոյանը։

Չորս օր առաջ ընտանիքը  մարզպետարանի կողմից ստացել է 100 հազար դրամի ֆինանսական աջակցություն, որով ձեռք է բերել վառելափայտ։ Բացի այդ, համայնքը տրամադրել է սննդի օգնություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Դավիթ Գզողյանը՝ Ծափաթաղի վարչական ղեկավարը։

Գզողյանը նշել է, որ երեխաները Հայ օգնության ֆոնդից վերադարձել են մի քանի սեզոնի հագուստով և այս առումով խնդիրներ չունեն։

Վերականգնվել է նաև ընտանիքի նպաստը։


Վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ երեխաների սոցիալ-հոգեբանական աջակցությունը շարունակվում է․ շաբաթը երկու անգամ նրանց տեղափոխում են Ճամբարակ, որտեղ հոգեբանը աշխատում է նրանց հետ։

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Ծափաթաղի  3-ամյա Տիգրանը համարվում էր անհետ կորած, հարյուրավոր փրկարարներ, կամավորներ տարբեր ուղղություններով իրականացնում էին որոնողական աշխատանքներ։

Ի վերջո, նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են փոքրիկի մարմինը։ 


Երեխայի հուղարկավորության օրը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Ճամբարակ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ընդլայնված նիստ էր հրավիրվել։ Նիստի արդյունքում որոշում էր կայացվել երեխաներին տեղափոխել ՀՕՖ։




Leave a Comment