ԱՄՆ-ի մի շարք առաջատար եվրոպական դաշնակիցներ հրաժարվել են մասնակցել նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի առաջին նիստին, որը տեղի կունենա Վաշինգտոնում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Պարբերականի տվյալներով՝ մասնակցությունը մերժել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները: Նրանք կասկածներ են հայտնել ֆինանսավորման թափանցիկության և նախաձեռնության մանդատի վերաբերյալ։
Սպիտակ տունը խթանում է Խաղաղության խորհուրդը՝ որպես Գազայի վերականգնման համակարգման մեխանիզմ: Թրամփը հայտարարել է, որ մասնակից երկրներն արդեն խոստացել են դրա համար ավելի քան 5 միլիարդ դոլար հատկացնել և պատրաստ են անձնակազմ ուղարկել կայունացման ուժերին:
Նախաձեռնությունը թերահավատություն է առաջացնում The Guardian-ի հարցված փորձագետների շրջանում, որոնք մատնանշում են Գազայի կառավարման և անվտանգության ապահովման հստակ ծրագրի բացակայությունը: Մասնակցությունից հրաժարվել է նաև Վատիկանը՝ ընդգծելով ՄԱԿ-ի առաջատար դերը ճգնաժամերի կարգավորման գործում:
Նիստին կմասնակցեն Մերձավոր Արևելքի երկրները, այդ թվում՝ Իսրայելը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Կատարը և Հորդանանը: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր փոխարեն ԱԳ նախարար կուղարկի։
Վաշինգտոն են մեկնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Գազայի վերականգնման Թրամփի վարչակազմի ծրագիրը նախատեսում է կայունացման միջազգային ուժերի և ժամանակավոր կառավարչական կառույցների ստեղծում, սակայն գործընթացի մասնակիցները մինչև հիմա չեն որոշել ծրագրի իրականացման մեխանիզմները, իսկ հումանիտար իրավիճակը այդ հատվածում բարդ կմնա:
