19 փետրվարի 2026 – 16:53 AMT
PanARMENIAN.Net – Վարույթ է ընդունվել ՀԱԵ ներկայացրած երկու հայցադիմումը ընդդեմ կարգալույծ հռչակված նախկին քահանա Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ Տեր Թադե) դեմ, հայտնում է Panorama.am-ը:
Առաջին հայցը դատարան է մուտքագրվել փետրվարի 10-ին։ Հաջորդ օրը այն մակագրվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Մկրտչյանին, իսկ փետրվարի 18-ին դատավորը որոշել է այն ընդունել վարույթ։
Եկեղեցին դատարանին դիմել է՝ պահանջելով պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, ներառյալ՝ եկեղեցու բանալիները։ Բացի այդ, պահանջվել է արգելել Թախմազյանին մուտք գործել Սբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան հատվածներ։
Հայցով նաև առաջադրվել է պահանջ հօգուտ ՀԱԵ-ի բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Նույն օրը ներկայացվել է ևս մեկ հայց նախկին քահանայի դեմ։ Եկեղեցին դատարանից խնդրել է պարտավորեցնել Թախմազյանին և Հռիփսիմե Խաչատրյանին վերադարձնել եկեղեցուն պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Մյասնիկյան 3-րդ շենքի 5-րդ բնակարանը՝ միաժամանակ վտարելով պատասխանողներին նշված բնակարանից։
Բացի այդ, ՀԱԵ-ն խնդրել է պատասխանողներից հօգուտ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, ներառյալ՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Այս հայցադիմումն ևս մակագրվել է նույն դատավորին, որը որոշում է կայացրել այն ընդունել վարույթ։
Մինչդեռ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմո Աբովյանը վարույթ է ընդունել կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացրած հայցադիմումը։ Վարույթ է ընդունվել նաև Տեր Թադե քահանա Թախմազյանի՝ Արամայիս Թախմազյանի հայցը, որի վերաբերյալ որոշումը կայացրել է դատավոր Հովհաննես Մելքոնյանը։
Դատարանը եկեղեցուն պարտավորեցրել է ապահովել կարգալույծ քահանաների պաշտոնավարումը: