ՀՀ-ն ու Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրին կստորագրեն

ՀՀ-ն ու Լեհաստանը ռազմատեխնիկական  համագործակցության համաձայնագրին կստորագրեն

19 փետրվարի 2026 – 12:44 AMT

PanARMENIAN.Net – Գործադիրը հավանություն է տրվել Հայաստանի և Լեհաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու առաջարկին։

Նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ փոխվստահության վրա ձևավորված բարձր մակարդակի հարաբերությունների խորացումը՝ նպատակ ունենալով պաշտպանական ոլորտում արձանագրել շոշափելի արդյունքներ և ընդլայնել փոխգործակցության ուղղությունները, հայտնում է Արմենպրեսը:

Արձանագրվել է, որ երկու պետությունների միջև բարձր քաղաքական մակարդակով պարբերական շփումները և բազմաոլորտ համագործակցությունը նախադրյալ են ամուր միջպետական հարաբերությունների ձևավորման համար, հատկապես ռազմատեխնիկական ոլորտում կառուցողական համագործակցության զարգացման տեսանկյունից։

Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանության բնագավառում փոխգործակցության իրավական հիմք է հանդիսացել 2004 թվականի սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է 2005 թվականի մարտի 21-ին։

Նոր փաստաթուղթը նպատակ է ունեցել սահմանել ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հիմնարար սկզբունքներն ու ընթացակարգերը՝ հիմնվելով հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների վրա։

Համաձայնագրում ամրագրվել են համագործակցության ուղղություններն ու ձևաչափերը, գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգավորումները, երրորդ երկրներին վաճառքի հետ կապված դրույթները, ինչպես նաև համատեղ հանձնաժողովի գործունեության կանոնակարգը։ Նշվել են նաև վեճերի կարգավորման ընթացակարգերը և համաձայնագրի ուժի մեջ մտնելու ու դադարեցման մեխանիզմները։

Կառավարության հիմնավորման մեջ ընդգծվել է, որ փաստաթղթի ստորագրումը լիովին համապատասխանել է Հայաստանի ռազմավարական շահերին և բխել է կառավարության 2021-2026 թվականների ծրագրից՝ զինված ուժերի բարեփոխումների իրականացման համատեքստում։

Նախագծի համաձայն՝ համաձայնագիրը նպաստելու է միջազգային պաշտպանական համագործակցության ընդլայնմանը և երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը ռազմատեխնիկական ոլորտում։ Ստորագրումից հետո այն ներկայացվելու է Ազգային ժողովին՝ քննարկման և վավերացման նպատակով։

Հայ-լեհական գործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում նոր չէ: 2014-ին Չարենցավանում բացվել և գործում էր սաղավարտների և տեսադիտարկող սարքերից քողարկման ցանցերի արտադրությամբ զբաղվող հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» ընկերությունը, որի 50%-ի սեփականատերը հանդիսանում էր ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Ընկերությունը դադարեցրել է գործունեությունն ու արտադրությունը 2019-ին:

Leave a Comment