Վաշինգտոնն ու եվրոպական որոշ երկրներ քննարկում են Ռուսաստան-ՆԱՏՕ համաձայնագրի հնարավորությունը. Զելենսկի




 

1lurer. Կիևից հաստատել են տեղեկությունը, որ Ժնևում Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ պաշտոնապես հայտարարված բանակցություններից հետո Մոսկվայի և Կիևի պատվիրակները լրացուցիչ բանակցություններ են անցկացրել, դրանք տևել են մոտ 2 ժամ:


 


Թե ինչ է քննարկվել հանդիպման ընթացքում, չի հաղորդվում: Այժմ թիմերը վերադարձել են իրենց մայրաքաղաքներ՝ զեկուցելու բանակցությունների արդյունքների մասին: Ակնկալվում է, որ առաջիկայում շփումների ևս մեկ փուլ կանցկացվի՝ հնարավոր է՝ կրկին Շվեյցարիայում:


 


Փետրվարի 18-ին կողմերը հայտարարել էին, որ երկօրյա հանդիպումների օրակարգում են եղել ռազմական, քաղաքական և հումանիտար հարցեր, հաջողվել է որոշակի առաջընթացի հասնել, սակայն հիմնական տարաձայնությունները պահպանվում են՝ հատկապես Դոնբասի հարցում:


 


Ժնևյան բանակցությունները մեկնաբանել է Վոլոդիմիր Զելենսկին, հույս հայտնել, որ առաջիկա հանդիպումներում հնարավոր կլինի ավելի էական արդյունքների հասնել: Նրա խոսքով՝ կողմերի դիրքորոշումներն ավելի մոտ են ռազմական, քան քաղաքական հարցերում: Ժնևում պատվիրակներն, օրինակ, քննարկել են հնարավոր հրադադարի մոնիթորինգի մեխանիզմները:


 


«Ինձ համար կարևոր է հնարավորինս արագ դադարեցնել պատերազմը: Սակայն մենք դեմ ենք տարածքներ զիջելուն. տասնյակ հազարավոր ուկրաինացիներ են զոհվել մեր հողերը պաշտպանելիս»,- շեշտել է Զելենսկին։


 


Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնն ու եվրոպական որոշ երկրներ քննարկում են Ռուսաստան-ՆԱՏՕ համաձայնագրի հնարավորությունը։ Նա հույս է հայտնել, որ Կիևի հետ ևս կքննարկեն Դաշինքում Ուկրաինայի տեղի հարցը:


 


 


Leave a Comment