19 փետրվարի 2026 – 12:00 AMT
PanARMENIAN.Net – Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և մերժված այն քաղաքացիները, որոնք մերժվել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) տվյալների շտեմարանում իրենց տվյալների բացակայության հիմքով, կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողովին` համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Նշվում է, որ այս գործընթացում որևէ այլ անձի, վճարովի ծառայության կամ կառույցի դիմելու միջնորդության անհրաժեշտություն չկա, քանի որ հանձնաժողովը դիմումներն ընդունում է բացառապես մերժված քաղաքացիների անունից, ինչից հետո դիմումները սահմանված կարգով ուսւոմնասիրվում են՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով այլ գերատեսչությունների հետ:
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։