19 փետրվարի 2026 – 12:05 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ-ն COP17-ին կմոտենա «Գործողություն հանուն բնության» սկզբունքով՝ շեշտադրելով գիտահեն մոնիթորինգը, քաղաքականությունների համադրվածությունը և կայուն ներդրումները: Այդ մասին ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն ասել է Հռոմում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի SBI-6-ի շրջանակում «Ագրոսննդային համակարգերը գործողության մեջ հանուն բնության» խորագրով հատուկ բարձր մակարդակի միջոցառմանը:
Նա միջոցառմանը մասնակցել է Կենսաբազմազանության կոնվենցիայի (CBD) գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ ու հանդես է եկել բացման խոսքով։
Նախարարը ընդգծել է, որ Հայաստանը գտնվում է կարևոր փուլում, քանի որ 2026 թվականին երկրում նախատեսված COP17-ը Կունմին-Մոնրեալի Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի 2030 թիրախներին հասնելու ճանապարհի միջնակետն է, և այս փուլում երկրի ստանձնած պարտավորությունները պետք է վերածվեն չափելի արդյունքների՝ ի շահ բնության և մարդկանց։
Իր ելույթում նա նշել է, որ սննդային անվտանգությունը, հողերի դեգրադացիան, կենսաբազմազանության կորուստը և կլիմայի փոփոխությունը փոխկապակցված խնդիրներ են։ Նրա խոսքով՝ կենսաբազմազանության պահպանումը ոչ թե հակասում է սննդային անվտանգությանը, այլ դառնում է դրա հիմնասյունը՝ բարձրացնելով համակարգերի դիմակայունությունն ու ապահովելով կայուն արտադրություն։ Նախարարը կարևորել է միջոլորտային համագործակցությունն ու ներառական մոտեցումը՝ ապահովելով գյուղատնտեսների, տեղական համայնքների, կանանց և երիտասարդների լիարժեք մասնակցությունը, ինչպես նաև կենսաբազմազանության ներառումը ազգային ռազմավարություններում՝ կայուն հողօգտագործման, ագրոէկոլոգիայի զարգացման, գենետիկական ռեսուրսների պահպանման և վնասակար սուբսիդիաների կրճատման ուղղություններով։
2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: