Հայաստանի կառավարությունը նախատեսում է Պռոշյան գյուղում կառուցել արտաքին տնտեսական գործունեության ժամանակակից կենտրոն՝ 19,1 հեկտար տարածքի վրա։
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծի համաձայն՝ ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ կնքված 45 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով, որին կգումարվի նաև գործադիրի 9 միլիոն եվրոյի համաֆինանսավորումը։
Կենտրոնը տեղակայվելու է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի վարչական տարածքում։ Այստեղ 13,5 հեկտարում կկառուցվի բուն ԱՏԳ կենտրոնն իր ենթակառուցվածքներով, իսկ 5,6 հեկտարում՝ Պետական եկամուտների կոմիտեի նոր վարչական համալիրը, որի շինարարությունը կֆինանսավորվի պետական բյուջեի ներքին աղբյուրներից:
ԱՏԳ կենտրոնի ենթակառուցվածքները ներառելու են շուրջ 9000 քմ պահեստային տարածքներ, 2100 քմ սպասարկման սրահ և վարչական մաս, բեռնատարների համար նախատեսված 408-տեղանոց ավտոկայանատեղի, երկհարկանի լաբորատորիա, ճառագայթային զննման և բեռների ստուգման հարթակներ: ՊԵԿ նոր գլխավոր մասնաշենքը կունենա 34 հազար քմ կառուցապատման մակերես։
Կենտրոնի ստեղծումը պայմանավորված է աճող ապրանքաշրջանառության սպասարկման անհրաժեշտությամբ. միայն 2023-2024 թվականներին Երևանում տեղակայված մաքսային պահեստներ են ուղարկվել համապատասխանաբար 80 354 և 70 901 տարանցման հայտարարագրեր, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքը կազմել է տարեկան շուրջ 70 000 միավոր: Նոր համալիրը հնարավորություն կտա մատուցել բարձրակարգ ծառայություններ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ միավորելով բոլոր անհրաժեշտ պետական և մասնավոր կառույցները մեկ վայրում և էապես բարելավելով մաքսային հսկողության արդյունավետությունը:
