19 փետրվարի 2026 – 10:43 AMT
PanARMENIAN.Net – Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Այդ մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը, գրում է «Փաստինֆոն»:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, փետրվարի 3-ին երկարացրել է Արշակ Սրբազանի կալանքը ևս երկու ամսով։
Դատական ակտի դեմ բողոքն արդեն ներկայացվել է, սակայն մակագրում դեռևս չի կատարվել, և առաջին ատյանի դատարանը գործի նյութերը առայժմ չի փոխանցել Վերաքննիչ դատարան։ Նշվել է նաև, որ այս ընթացքում Արշակ Սրբազանի մասնակցությամբ որևէ քննչական կամ դատավարական գործողություն չի իրականացվել։
Արշակ սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից, Քննչական կոմիտեի շենքից դուրս գալու պահին։ Քննչական կոմիտեն պաշտոնապես հաղորդել է, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)։
Սակայն, ինչպես հետագայում պարզվել է, խոսքը Սրբազանի կողմից թմրամիջոցի իրացման մասին չէ, ինչպես սկզբնական շրջանում փորձ է արվել ներկայացնել, այլ նրան մեղադրել են 2018թ․ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց դնելու հրահանգ տալու մեջ, ինչը պաշտպանության կողմը գնահատել է որպես անհեթեթություն։ Դեկտեմբերի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ Արշակ Սրբազանը կալանավորվել է։