18 փետրվարի 2026 – 18:46 AMT
PanARMENIAN.Net – Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ՀՀ հետ, դա դրական զարգացում է, ասել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Ղասիմ Մոհիուդդին:
Նա նշել է, որ Պակիստանը մշտապես եղել է Ադրբեջանի կողքին և սկզբից չի հաստատել դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ, հայտնում է APA-ն:
«Ղարաբաղի ազատագրումից հետո Պակիստանում Ադրբեջանի եղբայրների և քույրերի հետ միասին նշել են այս իրադարձությունը․․․Պակիստանը բարձր է գնահատել անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական համաձայնությունը։ Պարոն նախագահը և հարգարժան վարչապետը այն քննարկել են Վաշինգտոնի գագաթնաժողովից անմիջապես հետո։ Այդ համաձայնությունից հետո Պակիստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ։
Այդ դրական զարգացումը, անկասկած, ոչ միայն կապահովի կայուն խաղաղություն, այլև աննախադեպ տնտեսական աճ և բարգավաճում, ինչպես նաև առավել կբարելավի փոխկապակցվածությունը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,-ասել է նա:
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։