Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին ՀՀ երկաթուղիների կառավարման գործում չմշակված լուծում է, կառուցված համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել», ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
«Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, բայց կարող եմ վստահությամբ ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ և վաղուց աշխատում է Հայաստանում ոչ ամենապարզ պայմաններում»,- ասել է Շոյգուն:
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ միջուկային թեմայով համագործակցությանը՝ նա հարցրել է՝ արդյոք չմշակված լուծումները չեն հանգեցնի այնպիսի վտանգավոր փորձերի, որոնց համար ստիպված կլինեն վճարել Հայաստանի հասարակ քաղաքացիները:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ շուրջ 20 տարի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատասխանատու կերպով կատարում է կոնցեսիոն պայմանագրի դրույթները, այդ թվում՝ ներդրումների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում ռուսական ներդրումները հայկական երկաթուղային համակարգում, ներառյալ շարժակազմը, գնահատվում են ավելի քան 30 միլիարդ ռուբլի։
«Եվ ահա այժմ [Հայաստանի վարչապետ] Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Հայաստանի երկաթուղիների գտնվելը ռուսական ընկերության կոնցեսիայի տակ վախեցնում է հնարավոր գործընկերներին, խոչընդոտում տարածաշրջանային նախագծերին և քննարկում է հայկական երկաթուղային ցանցի կառավարումը փոխանցելու՝ և՛ Ռուսաստանին, և՛ Հայաստանին բարեկամ երկրին», – նշել է Շոյգուն։
Նա հիշեցրել է, որ պայմանագիրը նախատեսում է «ՀԿԵ» ՓԲԸ-ի՝ որպես կոնցեսիոների, կողմից կոնցեսիոն ակտիվների տիրապետում, օգտագործում, կառավարում, շահագործում, սպասարկում, նորոգում և անհրաժեշտ բարելավումներ։
2008 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետությունը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն (ՌԴ երկաթուղիների հատուկ ստեղծված դուստր ընկերություն) կնքել են կոնցեսիոն պայմանագիր՝ Հայաստանի երկաթուղային համակարգը մինչև 2038 թվականը «ՀԿԵ»-ին փոխանցելու վերաբերյալ:
Փաշինյանը ռուսական կողմին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիան վաճառել մի երկրի, որը բարեկամ է թե՛ Մոսկվային, թե՛ Երևանին։ Որպես տարբերակներ նա նշել էր Ղազախստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը։
Միևնույն ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ ոչինչ չունի, սակայն ռուսական կոնցեսիան հանրապետության համար ստեղծում է «որոշակի մրցակցային կորուստներ»։
