Վաշինգտոնի վարչակազմը ցավալի է համարում Վատիկանի հրաժարումը մասնակցելու Գազայի հատվածում իրավիճակի կարգավորմանն ուղղված Խաղաղության խորհրդի աշխատանքներին։ Այս մասին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել է մամուլի համար նախատեսված հերթական ճեպազրույցի ժամանակ։
«Մենք սա տեսել ենք։ Կարծում եմ՝ սա խորապես ցավալի է։ Իհարկե, վարչակազմը ցանկանում է, որ Խաղաղության խորհրդին հրավիրված բոլորը մասնակցեն։
Սա օրինական կազմակերպություն է, որի անդամներն են տասնյակ երկրներ։ Եվ մենք կարծում ենք, որ այս որոշումը ցավալի է», – ասել է նա՝ մեկնաբանելով Սուրբ Աթոռի որոշումը։
Լիվիտը նաև ասել է, որ խաղաղության հաստատման և պահպանման հետ կապված հարցերը չպետք է քաղաքականացվեն։ Սուրբ Աթոռի որոշման մասին նախկինում հայտարարել էր Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը: Խոսելով Խաղաղության խորհրդի մասին՝ նա նշել է, որ «կան որոշ չափով անհասկանալի կետեր, որոշ կարևոր հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն»: