Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր գործողությունը կնմանվի լիարժեք պատերազմի՝ առաջիկա շաբաթներին դրա բռնկման 90% հավանականությամբ, հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Այդ աղբյուրների համաձայն՝ գործողությունը, հավանաբար, կլինի լայնածավալ, շաբաթներ տևող արշավ, որն ավելի շատ նման կլինի «լայնամասշտաբ պատերազմի», քան հունվարին Վենեսուելայում իրականացված թիրախային գործողությունը։
Լրատվամիջոցը նաև նշում է, որ սրանք, հավանաբար, ԱՄՆ-Իսրայել համատեղ արշավի ծրագրեր են, որոնք իրանական ռեժիմի համար շատ ավելի լայնածավալ և «ավելի գոյաբանական» կլինեն, քան 2025 թվականի հունիսին Իսրայելի գործողությունը։ «Նման պատերազմը հսկայական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա և լուրջ հետևանքներ կունենա Թրամփի նախագահության մնացած երեք տարիների համար», – գրում է լրատվամիջոցը։
Երկու իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ Իսրայելի կառավարությունը, «պնդելով ռեժիմի փոփոխությանն ուղղված մաքսիմալիստական սցենարի վրա», պատրաստվում է պատերազմի առաջիկա «մի քանի օրերի ընթացքում»։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անանուն խորհրդականը առաջիկա շաբաթներին ռազմական գործողությունների հավանականությունը գնահատել է 90%։ «Ղեկավարին դա հոգնեցնում է։ Նրա շրջապատի որոշ մարդիկ փորձում են հետ պահել Իրանի հետ պատերազմից, բայց ես կարծում եմ, որ կա 90% հավանականություն, որ մենք կտեսնենք գործողություններ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում», – թերթը մեջբերում է խորհրդականի խոսքերը։
Axios-ը նշում է, որ վերջերս տարածաշրջանում կենտրոնացված ԱՄՆ ուժերը ներառում են երկու ավիակիր, 12 ռազմանավ, հարյուրավոր կործանիչներ և բազմաթիվ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Մինչդեռ ուժերի տեղակայումը շարունակվում է. ԱՄՆ ավելի քան 150 ռազմական բեռնատար չվերթներով Մերձավոր Արևելք են մատակարարվել զենքի համակարգեր և զինամթերք, և միայն վերջին 24 ժամվա ընթացքում տարածաշրջան են ուղարկվել ևս 50 F-35, F-22 և F-16 կործանիչներ։
Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են Իրանի դեմ երկարաժամկետ գործողություններ իրականացնելու հնարավորությանը, որոնք կարող են տևել մի քանի շաբաթ։
