Որքան ընտրությունները մոտենում են, մասնակից ուժերը նշմարվում են, բոլորը լարվում են, ՔՊ-ում տվայտվում են։ Ամիսներ առաջ երկրորդ նախագահն ասում էր, որ այս պահին կա երկու խոշոր միավորում, «Հայաստան» դաշինքը և Սամվել Կարապետյանի թիմը և վերլուծում էր, որ կարող է ձևավորվեն ևս մի քանի խոշոր բլոկներ։ Միտքն այն էր, որ ընտրությունների արդյունքներով միավորվեն խորհրդարանում, և ՔՊ-ի իշխանությունն ավարտվի։ Այսօր տեսնում ենք, որ ընդդիմադիր դաշտում տեղի է ունենում խոշորացում, բևեռներ են ձևավորվում։ Ամիսներ առաջ իշխանությունը հանգիստ, սովորական, անգամ արտաքուստ անտարբեր էր ձևանում, իսկ հիմա խիստ նյարդային են։ Ինչու։ Երևի մտածում էին, որ էլի ընդդիմությունը հազար թևով կմասնակցի ընտրություններին, կփոշիացնի, բայց տեսնում է, որ հակառակ գործընթաց է գնում, երևի իրենք էլ իրենց հարցումներն ունեն ու տեսնում են, որ իշխանության վարկանիշը մաշել է ու բնականաբար՝ իրարով են անցել։ Մի քանի օր է՝ Փաշինյանը, թիմակիցները գրառումներ են անում, վիդեոներ են նկարում, հարցազրույց են տալիս ու երևում է, որ տեղները չեն գտնում։ Էն ինքնավստահությունից բան չի մնացել։ Նրանք, որ հայտարարում էին, թե՝ Քոչարյանի քաղաքական գործոնը մեր երկրում այլևս չկա, ՔՊ-ն մի 60 տոկոս աչքերը փակ կհավաքի և այլն, հիմա ասում են՝ ահա, ուզում են Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը խորհրդարանում միավորվեն, Գյումրի 2 անեն։ Վտանգավոր է։ Ո՞ւմ համար է վտանգավոր․ ՔՊ-ի։
Այո, հնարավոր է, որ ոչ մի ուժ, ո՛չ ընդդիմադիր, ո՛չ էլ, առավել ևս, իշխանականը առավելևս միայնակ չհավաքի անհրաժեշտ քանակի ձայներ՝ իշխանություն ձևավորելու համար, և արդյունքում նաև ստիպված միավորվեն։ Եթե չեմ սխալվում, այս խորհրդարանական մոդելի իբր թե գրավիչ մասը դա պետք է լիներ, թե ինչի՞ են էսպես խառնվել իրար, մեր ժողբաստիոնչիները, անհասկանալի կլիներ, եթե չիմանայինք՝ ում հետ գործ ունենք իրականում։
Իրականում չգիտեմ՝ այդ անհանգստությունը միայն ՔՊ-ի՞նն է, թե՞ նրանց, ովքեր դրսից աջակցություն են հայտնել այս ռեժիմին, ներառյալ՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ Չէ՞ որ այդ երկրները, ՔՊ-ականներին հավասար շահագրգռված են, որ ՔՊ-ն, ամեն գնով, մնա Հայաստանում իշխանության։ Ըստ երևույթին, խոստացածներ կան, ստանալիքներ ունեն, քպական իշխանության հաջորդ 5 տարում։ Ասում են՝ ժողովուրդ, որ Քոչարյանն ու մյուսները գան իշխանության․․․ Ու ինչ-որ առասպելներ են պատմում՝ չնայելով իրենց ճակատից կախված հանձնումների շարանը։ Քոչարյանի իշխանությունն էլ է տեսել ժողովուրդը, ձերն էլ է տեսել։
Եվ դուք եթե էդքան խառնվել եք իրար, ուրեմն մտածում եմ՝ հասկանում եք, գուցե ձեր հովանավորներն են հասկանում, որ այն, ինչ ձեզնից ստանում են, Քոչարյանից չեն ստանա։
ՔՊ-ն փորձում է վարկաբեկել ընտրություններին մասնակից երեք ուժի՝ անվանելով ռուսամետ, ռուսական շահերով առաջնորդվող։ Նախ դժվար թե ՔՊ-ն ինչ-որ մեկին ուզենա վարկաբեկել ու դա ստացվի, դրա համար պետք է ունենալ գոնե նվազագույն վստահության պաշար, որը մաշել եք։ Լավ, դա էլ մի կողմ դնեմ, փորձեմ ձեր ասածները հասկանալ տրամաբանության ու իրողության մեջ, այլ ոչ՝ մանիպուլյացիաների։ Եկեք հասկանանք՝ այդ ուժերը իրո՞ք ռուսամետ են և որքա՞ն․ ի՞նչ են արել, որ այդպիսին պետք է համարվեն։ Իմ հիշելով, ո՛չ Ռոբերտ Քոչարյանն է առաջ տանում ռուսական շահը, ո՛չ Սամվել Կարապետյանը, Ծառուկյանին դեռ չեմ լսել, անկեղծ։ Կլսեմ, բայց որ հետաքրքիր բան եղած լիներ, հաստատ կիմանայի։ Նրանք, ինչպես բոլորը, խոսում են Ռուսաստանի դերի մասին՝ մեր տարածաշրջանում, հնարավորությունների մասին, այդ հնարավորություններից օգտվելու մասին ու խոսում են այնքան, որքան՝ ուշադրություն — ՔՊ-ն։
Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում ռուսներին սեր խոստովանելու համար, անձամբ գնալ ու էդ սերը Պուտինին փոխանցելու համար, սրանց պաշտոնյան օրերս Մոսկվայում էնքան էր գովում ռուսներին, որ ՌԴ ռուս քաղաքացիները այդքան չեն գովում։ Բայց այս իշխանությունը օգտագործում է նախընտրական տեխնոլոգիա՝ ներկայացնելու արտաքին ու ներքին թշնամիներ՝ ընտրություններից առաջ իր շուրջ զանգված համախմբելու համար։
Ժողովուրդ ջան, ովքե՞ր են մեր դարավոր արտաքին թշնամիները․ թուրքերը և ստեղծումից ի վեր՝ նաև ադրբեջանցիները։ Տեսեք հիմա սրանք ինչ են ասում՝ էդ դարավոր թշնամությունը սուտ է, երրորդ երկրների սարքածն է, թուրքերը մեզ բարեկամ են, Ցեղասպանությունը դեռ պետք է պարզենք ինչ է եղել, ով է մեղավոր, ադրբեջանցիները վատը չեն, կողք-կողքի ապրել ենք, էլի կապրենք։ Է, էլի ապրենք, բայց սա ուրիշ բան է, սրանք որքան ուժ ունեն, լծվել են ադրբեջանա ու թրքասիրության գործին, առանց տեսանելի առիթի։
Լավ անցնեմ առաջ։ Քանի որ էլ թշնամի չեն, ըստ իրենց, բարեկամ են, ուրեմն պետք է հորինեն նաև արտաքին թշնամի, ում դեմ որ պայքարեն։ Երևի մտածել-մտածել են ու ոչ ավել, ոչ պակաս՝ Ռուսաստանին են որոշել սարքել մեզ թշնամի։ Այս իշխանութունը, մի կողմից պատերազմով վախեցնում է մեզ, մյուս կողմից ցամաքի 1/6-րդ մասը զբաղեցնող Ռուսաստանին ներկայացնում է որպես Հայաստանի ժողովրդի արտաքին թշնամի ու դրանով է փորձում քվե տանե՞լ։ Էն որ ասում են, էլ փորձանք չկա՞ր բերեք գլխներիս։ Եվ ուրեմն քանի որ արտաքին թշնամի հռչակվել է Ռուսաստանը, իրենց քաղաքական հակառակորդներին էլ կապում են Ռուսաստանի հետ, ըստ երևույթին՝ ներքին թշնամի ներկայացնելու համար։
Այսինքն ստացվում է, Թուրքիան, նախկինում Օսմանյան կայսրությունը որը ցեղասպանություն է արել, մինչ հիմա չի ընդունել, չի զղջացել, պետականորեն պայքարում է Ցեղասպանության զոհերի, մազապուրծ եղածների ժառանգների դեմ, նույն Թուրքիան ընդամենը 5 տարի առաջ Ադրբեջանի կողքին կոտորում էր հայ ժողովրդին, մեր դեմ հավասարապես պատերազմում էր, Ադրբեջանի հետ միասին օկուպացրել է 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք, պատճառել մեզ 5 հազար զոհ, 12 հազարից ավելի վիրավոր, 150 հազար փախստական։ Բայրաքթարերը և այլ զինատեսակներ Թուրքիան է, չէ՞ ուղարկել։ Ադրբեջանի հետ նույն հավասար թշնամության մակարդակում են ու իրենք, մեկ էլ ՔՊ որոշմամբ դառնում են մեզ բարեկամ, նրանց թթու խոսք ասել չի կարելի, անգամ Արցախ բառն են խուսափում ասել, որ հանկարծ չնեղանան։ Իրո՞ք, դուք կարծում եք, որ տենց ձեր ասածով նրանք էլ թշնամի չե՞ն, իսկ այլ ի՞նչ ենք տեսել, որ այդպիսին նրանց չհամարենք։ Ես որ հողի վրա գրեթե ոչինչ չեմ տեսել, բացի ՔՊ-ականների խոսքերից։
Հիմա Ռուսաստանը։ Ռուսաստանը մեզ թշնամի՞ է եղել։
Կարծես չէ։ Մեզ վրա բայրաքթարնե՞ր է ուղարկել, մեր հողե՞րը խլել, կացնով գլխատե՞լ։ Դե չէ, էլի։ Գուցե բավարար չի օգնել, ավելիին էինք սպասում․ այո։ Ասում ենք՝ խաղաղապահները Արցախը չպաշտպանեցին, Ռուսաստանն էլ հակադարձում է, որ Պրահայի պայմանավորվածությամբ, որտեղ հանձնվեց Արցախը, խաղաղապահների աշխատանքին մեծ վնաս հասցրեց, ու եղավ շրջափակում։ Միևնույն է՝ ցավը այնքան մեծ է, որ բոլորին մեղադրում ենք, երևի դա էլ տրամաբանական է։ Բայց մի հարց տամ․ Արցախի անվտանգոթյան երաշխավորը փաստաթղթով, այդ թվում՝ ՀՀ կառավարության ծրագրով, ՔՊ ծրագրերով, Ռուսաստանն է՞ր, թե՞ Հայաստանը։ Իսկ Հայաստանը օգնե՞ց։
Ու այս իշխանությունը մեզ ասում է՝ մեզ կոտորող Թուրքիային ու Ադրբեջանին նայեք բարեկամի աչքերով, Ռուսաստանին՝ թշնամի։ Էն երկրները, որոնց հետ պատերազմի մեջ ենք եղել, օկուպացրել են Արցախը, Հայաստանից տարածքներ, ասում է՝ նրանց հետ այլևս եղբայր ենք, որ պատերազմ չլինի․ օքեյ, իսկ Ռուսաստանի՞ հետ, որտեղ այս պահին ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, որոնք աշխատում ու ընտանիքն են պահում այստեղ, նրանց հետ թշնամի՞ լինենք, ըստ ՔՊ-ի։
Ես՝ շարքային քաղաքացիս, չեմ հասկանում դա, չեմ հասկանում, թե ինչու պետք է լինելով փոքր երկիր, ունենալով բազմաթիվ հարցեր, թշնամիներ ու ունենալով տնտեսական խորը կախվածություն Ռուսաստանից (ի դեպ, այդ խորը կախվածությունն առաջացել է իրականում սրանց իշխանության օրոք), գիտակցելով, որ մեր երկրում համարյա բոլոր ընտանիքները կապ ունեն Ռուսաստանի հետ, էնտեղ աշխատում են, այստեղ ընտանիքն են պահում, այ ռուսներին համարեմ թշնամի, երեկ հայ գերիներին ցմահ ու 20 տարվա ազատազրկման դատապարտած Ադրբեջանին՝ բարեկամ։ Անկեղծորեն՝ ես Ռուսաստանից չեմ տեսել թշնամական քայլեր մեր երկրի նկատմամբ, եթե տեսել եք՝ ասեք։ Բայց այս կողմից տեսել եմ լիքը սադրանքներ՝ իշխանական մակարդակով։ Ամեն ինչ կարծես արել են, որ թշնամությունը իրական դառնա, բայց էն կողմում, փա՛ռք Աստծո, ողջամիտ են։
Դուք տեսել ե՞ք որ այս իշխանությունը իր քաղաքական հակառակորդներին կապի թուրքերի ու ադրբեջանցիների հետ, չէ, ժողովուրդ, նրանք արդեն եղբայրներ են սրանց համար․
Էրդողանի գիրքը բարձի տակի մշակութային ժառանգություն է իրենց համար։ Դե եկեք ու էսքանից հետո մի ասեք, որ թուրքական, ադրբեջանական ազդեցության տակ գործող կառավարություն է։
Կարճ ասած՝ էս ինչը որ ասացի՝ հանրությունը պետք է որ լավ պատկերացնի։ Որևէ մեկը չի ուզել ունենալ թշնամի սրան, թե նրան, իրենք են մեզ ցանկացել բնաջնջել, մեր հայրենիքին տիրանալ, հիմա էլ են ուզում։ Բայց եթե տարբերակ ունենք հարևանություն անելու (իհարկե՝ թող չուզողը մենք լինենք), բայց թող սկզբից մեր տարածքից դուրս գան, մեր հայրենակիցներին բաց թողնեն, դադարեն մեզանից պահանջել սահմանադրություն փոխել իրենց սրտով և այլն, նստենք՝ խոսենք։
Իսկ մինչ այդ, որ բոլոր հարցումները՝ Ադրբեջանի, Թուրքիայի հետ բարեկամության, հարաբերությունների վերաբերյալ, ի վնաս ՔՊ-ի են, ժողովուրդը այդ նույն հարցերս տալիս է։ հետևաբար, եղած թշնամուն դեռ մեզ ընկեր չսարքած, եկեք նոր թշնամիներ մեզ համար չստեղծենք, նու առնվազն քպականների խելքներին չընկնենք․ դրանից դեռ լավ բանի չենք եկել ազգովի։
Սևակ Հակոբյան