Արցախի տեղեկատվական շտաբ․ Մինչև 2019-ը ծնված երրորդ երեխաների համար պայմանները չեն փոխվել

Արցախի տեղեկատվական շտաբ․ Մինչև 2019-ը ծնված երրորդ երեխաների համար պայմանները չեն փոխվել

18 փետրվարի 2026 – 17:57 AMT

PanARMENIAN.Net – Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի համար որևէ բան չի փոխվել՝ ավանդը ներդրված է բանկում, ստանում է ավանդի տոկոսները, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաները զրկված են ավանդ ունենալու և նպաստ ստանալու հնարավորությունից, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների ծրագրով, մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխային հասանելիք գումարը, որպես ավանդ ներդրված էր «Արցախբանկ» ՓԲԸ-ում, և մինչև երեխայի 18 տարին լրանալը բանկը վճարում է ավանդի տոկոսները: Ծրագրում կատարված փոփոխությունների համաձայն 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխային հասանելիք գումարի վճարման պարտավորությունը ստանձնել էր Արցախի Հանրապետությունը: Տարբերակված մոտեցումից խուսափելու համար պետության կողմից 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված շահառուների համար ավանդի տոկոսների չափով սահմանվել է նպաստ:

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության հայաթափման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից սառեցվել են Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները: Բյուջեի և ֆինանսական միջոցների բացակայության պատճառով Արցախի Հանրապետությունը զրկվել է իր ստանձնած պարտավորությունները կատարելու հնարավորությունից:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի համար որևէ բան չի փոխվել՝ ավանդը ներդրված է բանկում, ստանում է ավանդի տոկոսները, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաները զրկված են ավանդ ունենալու և նպաստ ստանալու հնարավորությունից:

Արցախահայերի բռնի տեղահանությունից անմիջապես հետո խնդիրը բանավոր և գրավոր բազմիցս ներկայացվել է ՀՀ կառավարությանը, սակայն մինչև օրս որևէ արձագանք չկա խնդրի լուծման և առաջացած սոցիալական անհավասարության հաղթահարման գործում»,-ասվում է շտաբի հայտարարության մեջ:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։

Leave a Comment