Երևանում օնլայն տաքսիների վարորդները բողոքի ակցիայի են դուրս եկել և ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով պետական մարմիններից լուծել առցանց փոխադրումների հարթակներում առկա խնդիրները: Ակցիան հեռարձակել է Armenia Today-ի Youtube-յան ալիքը։
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ վարորդները հարկեր են վճարում, սակայն գրանցված աշխատող չեն համարվում և չունեն սոցիալական երաշխիքներ:
«Որևէ արտոնություն չունենք, մեր աշխատանքային ստաժը հաշվի չի առնվում», – ասել է վարորդներից մեկը:
Մեկ այլ վարորդ էլ նշել է, որ հիմնական դժգոհությունը կապված է օնլայն հարթակների օպերատորների հետ, որոնք միջնորդավճարները 3-4 տոկոսից բարձրացրել են 25-35%-ի:
«Մենք պահանջում ենք նվազեցնել մինչև առավելագույնը 10%՝ ներառյալ հարկերը, որպեսզի մարդը հասկանա, թե որքան է վաստակում», – ասել է նա:
Վարորդները նաև հայտարարել են, որ փաստացի հարկեր են վճարում յուրաքանչյուր պատվերից (4,5–5%), միջոցներ են փոխանցում հարթակներին և տաքսոպարկերին, սակայն պետությունը նրանց գրանցված աշխատող չի ճանաչում: Անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ ձևակերպելու առաջարկին ցուցարարներից մեկը պատասխանել է. «Այսինքն՝ մի հատ էլ հարկ վճարեմ»:
Մասնակիցների մի մասը զգուշացրել է, որ իշխանությունների կողմից արձագանքի բացակայության դեպքում հնարավոր են նոր ակցիաներ։ Վարորդներից մեկը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կաթվածահար կանեն քաղաքը՝ ընդգծելով, որ պատրաստ են գործել խաղաղ բողոքի շրջանակներում:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, ում վարորդները դիմել էին աջակցության համար, տեղեկացրել է, որ նախաձեռնությանն առաջին մեկ ժամում արդեն միացել է մոտ 200 մարդ, իսկ շատերը վախենում են հրապարակային մասնակցել՝ հարթակների կողմից հաշիվների հնարավոր արգելափակման պատճառով: Նրա խոսքով՝ ստորագրահավաքը կտևի երկու օր, որից հետո դիմումը կուղարկվի կառավարություն՝ վարորդների իրավունքները վերականգնելու համար։ Արձագանքի բացակայության դեպքում հնարավոր են հետագա քայլեր:
Մանուկյանն ավելի վաղ հայտնել էր, որ օնլայն տիրույթում գրանցված է շուրջ 120 000 վարորդ, որոնցից շուրջ 40 000-ի համար սա իրենց միակ աշխատանքն է, և աշխատում են շուրջ 12 ժամ։ Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն համարվում առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի շահառու, այսինքն՝ հնարավորություն չունեն անվճար բուժօգնություն ստանալու։
Նա, իր հերթին, ներկայացրել է վարորդները պահանջները.
1. Ոլորտը կառավարելի դարձնել և մեր վարորդների իրավունքները պաշտպանված դարձնել,
2. Օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքը փոխել՝ պահանջելով 22-31%ից իջեցում 10% չափով (22-31% ներառված են նաև հարկերը),
3. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում, համարվեն գրանցված աշխատողներ՝ հետագայում բարձր թոշակ ստանալու համար,
4. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում, դառնան ապահովագրության հիմնադրամի շահառու և հնարավորություն ունենան անվճար բուժօգնություն ստանալ:
