Փաստաբանը՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության մասին. «Ո՞րն է քննչականի շահագրգռվածությունը»

Փաստաբանը՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության մասին. «Ո՞րն է քննչականի շահագրգռվածությունը»

18 փետրվարի 2026 – 17:46 AMT

PanARMENIAN.Net – Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը անդրադարձել է Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքներին, որոնց համաձայն տեսագրություններում պատկերված անձանց նույնականացումը հնարավոր չէ:

«Տեսնես ինչի՞ են քննչականում այդքան շատ ուզում, որ հակառակի մասին տպավորություն լինի։ Ո՞րն է քննչականի շահագրգռվածությունը․․․»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Նա նաև տեղեկացրել է, որ Արշակ արքեպիոսկոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքների և այլ հարցերի առնչությամբ խոստացված մամուլի ասուլիսը կկայանա փետրվարի 20-ին:

«Կարճ անդրադառնամ քննչական կոմիտեի պնդմանը, թե իբր փորձաքննությամբ հաստատվել է, որ տեսագրության մեջ երևացող տղամարդն Արշակ սրբազանն է։

Այդ առնչությամբ հարցիս

Պետություն 1-ի փորձագետը պատասխանել է․

  • Ներկայացված նյութից հուսալի դեմքային նույնականացում կատարել հնարավոր չէ։ 640×512 լուծաչափը և սեղմումը, ինչպես նաև տեսարանի բովանդակությունն ու կադրերի կրկնությունը, չեն ապահովում անհատականացման համար բավարար և կայուն մորֆոլոգիական մանրամասներ։ Տեխնիկական բարելավումը կարող է բարձրացնել ընդհանուր տեսանելիությունը, սակայն չի ստեղծում բացակայող նույնականացնող հատկանիշներ։

Պետություն 2-ի փորձագետը պատասխանել է.

  • Ոչ։ Ներկայացված նյութով անձի հուսալի նույնականացում հնարավոր չէ։

Առկա են մանրամասն հիմնավորումներ, թե ինչու հնարավոր չէ։

Պետություն 3-ի փորձագետը պատասխանել է.

  • Տեսագրություններում երևում են անձինք, սակայն տեսանյութերը ցածր որակի և սահմանափակ լուծաչափի են (640×512), ինչը բավարար չէ հուսալի դեմքային նույնականացման համար։

Ճշգրիտ նույնականացումը կախված է դեմքի հիմնական մորֆոլոգիական հատկանիշների տեսանելիությունից, իսկ նման սեղմված և ցածր լուծաչափ ունեցող նյութում հնարավոր չէ հայտնաբերել եզակի մանրահատկություններ կամ նուրբ անատոմիական առանձնահատկություններ։ Եզրակացվում է, որ տեսագրություններում պատկերված անձանց նույնականացումը հնարավոր չէ։

Հ.Գ. Տեսնես ինչի՞ են քննչականում այդքան շատ ուզում, որ հակառակի մասին տպավորություն լինի։ Ո՞րն է քննչականի շահագրգռվածությունը․․․»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Բաբայանը հայտնել էր, որ ստացել է դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իր կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկությունը պարզելու նպատակով։ Նրա փոխանցմամբ՝ երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատել են Սրբազանի այն պնդումը, որ նա առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։

Դրանից հետո Քննչական կոմիտեից հայտնել են, որ վարույթից դուրս, առանց պատշաճ դատավարական հիմքի և նյութերի ամբողջական ուսումնասիրման ստացված ցանկացած գնահատական չի կարող դիտարկվել ոչ որպես ապացույց, ոչ որպես փորձագետի իրավաչափ կարծիք և չի կարող հիմք հանդիսանալ որևէ իրավական հետևության համար։

Leave a Comment