Վերջին 15 օրվա ընթացքում ՀԷՑ-ից ևս 3 աշխատակցի են հեռացրել․ Ղազինյան – Armenia Today

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ժամանակավոր կառավարչի պաշտոնում Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո վերջին 15 օրերի ընթացքում ևս 3 աշխատակցի են հեռացրել, Armenia Today-ին հայտնեց ընկերության գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Նրա խոսքով՝ ազատումների գործընթացը շարունակվում է, թեև ինտենսիվությունն առաջվա նման մեծ չէ։ Ըստ Ղազինյանի՝ պատճառը քաղաքական է, աշխատակիցներին հարցնում են՝ մեզ հե՞տ եք, թե ոչ, կամ էլ՝ քայլ անելո՞ւ եք, թե՞ ոչ։

Փետրվարի 3-ին Ղազինյանը հայտարարել էր 58 աշխատակցի ազատման մասին։ Պետրոսյանը 2025 թվականի հուլիսի 18-ին էր նշանակվել ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Օգոստոսին մամուլը գրել էր, որ Պետրոսյանը ոչ միայն ՀԷՑ մասնաճյուղերի ղեկավարներին է փոխում և յուրայիններին նշանակում, այլև «սպառնում է շարքային աշխատակիցներին՝ կա՛մ մտնել «Քաղաքացիական պայմանագիր», կա՛մ ազատվել աշխատանքից»։

Մամուլն այնուհետև գրել էր, որ Պետրոսյանն աշխատանքից ազատում է այն աշխատակիցներին, որոնք որևէ անձնական կապ ունեն Ղազինյանի հետ: Ղազինյանն օգոստոսի վերջին հայտարարել էր, որ այդ պաշտոնում Պետրոսյանի նշանակումից հետո ՀԷՑ-ից 45-50 աշխատակցի են հեռացրել։ 

Ընկերությունը պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանին, որը ձերբակալվել էր եկեղեցուն աջակցող հայտարարությունից հետո:

Կարդացեք նաև՝ 

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը

Արաքսյա Սնխչյան

Leave a Comment