Հայաստանում ստեղծվել են 43 մլրդ դրամի ջերմատնային տնտեսություններ՝ 85 հա ընդհանուր մակերեսով

Ներկայումս ջերմատնային տնտեսությունների աջակցման ծրագրով ընթացքի մեջ է ևս 64 հա-ի կառուցումը

Հայաստանում ստեղծվել են 43 մլրդ դրամի ջերմատնային տնտեսություններ՝ 85 հա ընդհանուր մակերեսով


ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Հայաստանում պետական աջակցությամբ արդեն իսկ հիմնվել է շուրջ 85 հա ջերմատուն։


«Ներկայումս ջերմատնային տնտեսությունների աջակցման ծրագրով ընթացքի մեջ է ևս 64 հա-ի կառուցումը»,-նշել է նա սոցցանցի իր էջում։


Նախարարը հայտնել է, որ ծրագրի մեկնարկից ի վեր վարկային ընդհանուր պորտֆելը գերազանցել է 43 միլիարդ դրամը՝ հավելելով, որ միայն 2025 թվականին այս թիվը կգերազանցի 34 միլիարդ դրամը։


Ծրագրի մասին


Ծրագիրն ուղղված է ջերմատնային տնտեսությունների մակերեսների, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության և ֆերմերների եկամուտների բարձրացմանը: Այն իրականացվում է 2023–2026 թվականներին և ընդգրկում է երկրի բոլոր մարզերը:


Ծրագրի մասնակիցները կարող են ստանալ մինչև 15 միլիարդ դրամ վարկ՝ 1 հեկտարից սկսած մակերեսով ջերմատների կառուցման համար: Տոկոսադրույքները սուբսիդավորվում են՝ կախված վարկի գումարից և ստացողի կատեգորիայից (երիտասարդ ֆերմերներ, թոշակառուներ, իրավաբանական անձինք):


Վարկի առավելագույն ժամկետը 8 տարի է, ջերմատան կառուցման ժամկետը՝ մինչև 1,5 տարի: Ծրագիրը նպաստում է գյուղատնտեսության աճին, ջերմատնային ոլորտի զարգացմանը և ֆերմերային տնտեսությունների կայունության բարձրացմանը:

Leave a Comment