Ռուսաստանը կշարունակի ներդրումները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներում․ Զախարովա

Ռուսաստանը կշարունակի ներդրումները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներում և դա է ապահովում  անխափան աշխատանքը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումները տարածաշրջանային երթուղիների մրցունակության վերաբերյալ։

Հայաստանի կառավարության ղեկավարն ավելի վաղ կասկածի տակ էր առել գործող երկաթուղային ուղիների արդյունավետությունը՝ շեշտը դնելով նոր և ավելի մրցունակ լոգիստիկ նախագծերի անհրաժեշտության վրա։ 

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հիշեցրեց, որ Հայաստանի երկաթուղային ցանցն ավելի քան քսան տարի գտնվում է ռուսական ընկերության կառավարման ներքո։

Ըստ նրա՝ կողմը կայուն կերպով կատարում է համաձայնագրերի բոլոր պայմանները և շարունակում միջոցներ ուղղել ենթակառուցվածքների զարգացմանը։

Զախարովան ընդգծեց, որ հենց այս ներդրումներն են թույլ տալիս պահպանել և ձևավորել երկաթուղու մրցակցային առավելությունները։

ԱԳՆ ներկայացուցիչը նաև հավելեց, որ Մոսկվայի դիրքորոշումն ավելի վաղ հնչեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, և ռուսական կողմը մտադիր է հավատարիմ մնալ այդ գծին։

Leave a Comment