Պահքի սեղան․ Վանա մշոշ․ ինչպե՞ս պատրաստել այն

Այսօր Մեծ Պահքի երրորդ օրն է։ Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության տոն (Զատիկ)։
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Ուստի՝ ArmLur.am-ը Մեծ Պահքի ողջ ընթացքում կներկայացնի բուսական կերակրատեսակներ, որոնք կարելի է ուտել պահքի ժամանակ։

Վանա մշոշ կամ մշմոշ

Այն Վանի ավանդական, տոնածիսական պահոց ապուր է, որի անունը ծագել է «մշմոշ»՝ ծիրան բառից։ Վանա մշոշի հիմնական բաղադրիչը ոսպն է։

Վանա մշոշ պտրաստելու համար պետք է լավ եփել ոսպը։ Սոխառած անել ու ավելացնել եփած ոսպը, որից հետո հերթականությամբ ավելացնել տարբեր տեսակի մանրացրած չրեր, միջին չափով կտրտած ընկույզ, չամիչ, կանաչի եւ համեմունքներ։

Նշենք, որ այս հյութեղ կերակրատեսակին երբեմն ավելացնում են նաեւ դդում կամ բաժուկ։
Նկատենք, որ Վանա մշոշը պատկանում է պահոց կամ տոնական սեղանի ավանդական կերակրատեսակների շարքին, որն արտացոլում է Վանի խոհանոցի հարստությունը։

Միշտ հիշե՛ք․ պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անիմաստ ու անօգուտ է, որովհետեւ «սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում» (Սուրբ Գրիգոր Տաթեւացի):

Միշտ հիշե՛ք․ պահք պահում ենք մենք մեզ համար, մեր մեղքերից, վատ սովորություններից ազատվելու համար, այլ ոչ ցուցադրության համար։ Մատթեոս 6։16-18-ում գրված է․ «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»:

 

Leave a Comment