18 փետրվարի 2026 – 14:55 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքերի նկատմամբ կիրառվել է 267 միլիոն 431 հազար դրամի չափով արգելանք։
Դատավոր Աշխեն Ղարսլյանը, որը նախկինում բավարարել է դատախազության միջնորդությունը 258 միլիոն 146 հազար դրամի չափով արգելանք կիրառելու վերաբերյալ, փետրվարի 4-ին ընդունել է ևս 9 միլիոն 284 հազար դրամի չափով արգելանք սահմանելու որոշում, հայտնում է Factor.am-ը:
Հունվարի 30-ին Հակակոռուպցիոն դատարան է մուտքագրվել Գլխավոր դատախազության անունից ներկայացված հայցադիմումը ընդդեմ Իշխան Սաղաթելյանի, նրա կնոջ՝ Լիանա Խաչատրյանի, Վաչիկ Սաղաթելյանի, Բալասան Սաղաթելյանի, Նաիրի Սաղաթելյանի, Մեդեա Սաղաթելյանի և «ՆԱՐՎԵՍՏ» գյուղատնտեսական կոոպերատիվի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Հայցադիմումին կից ներկայացվել է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն։
Հայցվորը միջնորդել է 9 միլիոն 284 հազար դրամի չափով արգելանք կիրառել Իշխան Սաղաթելյանին և նրա կնոջը պատկանող գույքի նկատմամբ։
«․․․Տվյալ իրավիճակում, բացի արդեն իսկ կիրառված հայցի նախնական ապահովման միջոցներից, որոնք հայցը վարույթ ընդունելուց հետո գործելու են որպես հայցի ապահովման միջոցներ, անհրաժեշտություն է առաջացել հայցի ապահովման միջոցներ կիրառել նաև այն գույքերի վրա, որոնք գնահատվել են ապօրինի ծագում ունեցող գույքեր հայցադիմումում կատարված հաշվարկի արդյունքում (ձեռք են բերվել Բալասան և Թագուհի Սաղաթելյաններին վճարված աշխատավարձերի չափերի մասին տեղեկություններ, ստացվել են այն տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեքների վերաբերյալ տվյալներ, որոնք բացակայել են, ինչպես նաև հաշվարկում ներառվել է ապօրինի եկամտից սպառողական զամբյուղի ապահովմանն ուղղված ծախսի վերաբերյալ տվյալները)»,-հայտնել են դատախազությունից:
Նշվել է, որ հայցի նախնական ապահովման միջոցների կիրառմամբ արդեն իսկ 258 միլիոն 146 հազար դրամի չափով արգելանք է դրվել պատգամավորին և նրա կնոջը պատկանող գույքի վրա, միաժամանակ ներկայացվել է 267 միլիոն 431 հազար դրամի բռնագանձման պահանջ։
«․․․Առկա է անհրաժեշտություն հայցի ապահովման միջոցներ կիրառել Իշխան Սաղաթելյանին և Լիանա Խաչատրյանին պատկանող և ապօրինի չդիտարկված նաև այլ գույքերի նկատմամբ՝ 9,284,408 ՀՀ դրամի չափով»։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանին ներկայացրել է պահանջ՝ Իշխան Սաղաթելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝ հինգ անշարժ գույք, հինգ տրանսպորտային միջոց, երեք իրավաբանական անձանցում մասնակցություն, 264 միլիոն 516 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 2 միլիոն 914 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։