18 փետրվարի 2026 – 14:21 AMT
PanARMENIAN.Net – Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դատարանի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ շատ բարձր է գնահատել գնդերեցների ծառայութունը պատերազմի, ճգնաժամի ընթացքում:
«Պաշտպանության նախարարությունում իմ պաշտոնավարման ընթացքում, երբ եղել եմ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որպես միջազգային համագործակցության վարչության պետ, ամեն ինչ արել եմ, որ գնդերեցների ծառայությունը լինի նախարարությունում ավելի բարվոք»,-հայտնում է Panorama.am-ը:
Նրա խոսքով՝ աջակցությունը դրսևորվել է ինչպես նրանց ծախսերի ապահովման, այնպես էլ զինված ուժերում փոխհարաբերությունների կարգավորման և այլ հարցերի լուծման ուղղությամբ։
«Ես շատ բարձր եմ գնահատել գնդերեցների ծառայութունը պատերազմի, ճգնաժամի ընթացքում։ Շատ բարձր։ Մեզ նաև հաջողվեց նստավայր ընտրել, դա եղել է իմ պաշտոնավարման ժամանակ»,-ասել է նա։
Անդրադառնալով զինված ուժերում հոգևորականների թվաքանակի կրճատմանն ու նրանց գործունեության սահմանափակմանը՝ Տոնոյանը շեշտել է, որ նման քայլերը բարոյահոգեբանական առումով դրական հետևանք չեն ունենալու։
«Մեր զինծառայողների 90 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևոդներ են։ Ես արդեն ասացի, թե 44-օրյա պատերազմում, թե ճգնաժամային փուլերում շատ բարձր եմ գնահատել նրանց ծառայությունները»,-ընդգծել է նախկին նախարարը;
Փետրվարի 1-ից պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի հրամանով լուծարվել է ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը։
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը ավելի վաղ տեղեկացրել է, որ պաշտպանության նախարարություն են հրավիրվել գնդերեց-սարկավագները, և ոչ ուղղակի ձևաչափով՝ հարցախույզի միջոցով, փորձ է արվել պարզել նրանց դիրքորոշումը եկեղեցու դեմ ծավալված արշավի վերաբերյալ։ Ըստ քահանայի՝ նրանք տվել են ուխտապահ եկեղեցականին վայել պատասխան։