Առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում «Հայաքվե» նախաձեռնության անդամները խոստանում են հանրակրթական կրթությունը դարձնել 11-ամյա, բարձրացնել կենսաթոշակները, ավելացնել պաշտպանական ծախսերը, զինվորական ծառայությունը դարձնել գրավիչ և պատվաբեր։
Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանը նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը շեշտեց՝ մեր բարդ տարածաշրջանում Հայաստանը նորովի կառուցելու և պաշտպանելու համար մեր պետությունը պետք է պաշտպանել սեփական իրական ուժերով։
«Այդ նպատակով մենք կհամախմբենք մեր հասարակությանն արտաքին վտանգի դեմ պայքարում, կմեղմենք կամ կվերացնենք այն բաժանարար գծերը, որ ստեղծել է այս վարչախումբը։ Մենք հետևողականորեն կզարգացնենք մեր բանակը և ռազմարդյունաբերությունը»,-ասաց նա։
Նախաձեռնության անդամ Մենու Սողոմոնյանը հավելեց՝ ժամանակակից աշխարհում անվտանգությունը սկսում է ոչ այնքան խրամատից, որքան դասասենյակից ևլաբորատորիայից։
«Մենք կվերակենդանացնենք գիտությունը 5 տարվա ընթացքում՝ քայլ առ քայլ եռապատկելով պետական հատկացումները։ Այսօր մեզ անհրաժեշտ է 7 հազար գիտնական, մինչդեռ ունենք 3 հազար գիտնական։
Այսօր սովորող 65 հազար ուսանողների 80 տոկոսը վճարում է ուսման համար, և դա հարվածումէ ուսման որակին. ուսանողները զուգահեռ աշխատում են՝ վճարելու վարձավճարները։ Տարեցտարի պետության համար կարևոր մասնագիտությունների պետպատվերն ընդլայնելով՝ մենք իրատեսական ենք համարում պետական բուիհերում ունենալ անվճար կրթություն։
Չենք թողնելու, որ գյուղական դպրոցների լույսերը մարեն։ Այսօր ՀՀ 1350 դպրոցներից 400-ը թերբեռնված են։ 260 դպրոց այսօր կանգնած է փակման առաջ։ Սա կործանարար մոտեցում է։ Մեր օրոք սահմանամերձ գյուղերում դպրոցներ չեն փակվելու։
Մենք հանրակրթությունը կդարձնենք 11-ամյա, և աշակերտներին ու նրանց ընտանիքներին կազատենք կրկնուսուցման գերությունից։ Մեդնք պետք է քաջություն ունենանք խոստովանելու, որ 12-ամյա կրթությունն իրեն չի արդարացրել»,-նշեց նախաձեռնության անդամը։
Նախաձեռնության մեկ այլ անդամ Ավետիք Քերոբյանն էլ հայտարարեց, որ իրենց նպատակն է լինելու արտաքին ագրեսիայի դեպքում թշնամուն հասցնել չվերականգնվող կորուստներ։
«Մեր երկրի վրա հարձակվելուց առաջ թշնամիները պետք է երկար մտածեն և հրաժարվեն այդ մտքից։ Մենք պետք է լինենք այն ոզնին, որն ունի սուր ու երկար փշեր, և որի հետ պետք է միայն խաղաղություն ուզենալ»,- ասաց նա։