18 փետրվարի 2026 – 11:08 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել նաև առաջիկա բարձր մակարդակի միջոցառումների և փոխայցերի օրակարգերի շուրջ՝ կարևորելով գործընկերության խորացման նպատակով նոր շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացմանը միտված նախաձեռնություններին, ինչպես նաև այդ ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերին։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ժողովրդավարական դիմակայունության հետևողական ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին։
Արարատ Միրզոյանն ու Խերտ Յան Կոպմանը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված դինամիկան ու առկա հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։
Հայաստան-ԵՄ գագաթաժողովը նախատեսված է 2026-ի մայիսին Երևանում: