Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ուկրաինացի ժողովուրդը երբեք չի ընդունի խաղաղության այնպիսի պայմանագիր, որը նախատեսում է ուկրաինական զորքերի միակողմանի նահանջ Արևելյան Դոնբասից և այդ տարածքների հանձնում Ռուսաստանին։ Նախագահի խոսքով՝ նման քայլը բնակչության կողմից կընկալվի որպես դավաճանություն և կձախողվի ցանկացած հանրաքվեի ժամանակ։
Զելենսկին անարդար է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային ճնշումները, որոնք ուղղված են միայն Ուկրաինային զիջումների մղելուն։ Նա ընդգծել է, որ թեև պատրաստ է քննարկել զորքերի հետքաշման հարցը, սակայն միայն հայելային սկզբունքով և առանց ինքնիշխանությունից հրաժարվելու։
Որպես հնարավոր փոխզիջում՝ Ուկրաինայի նախագահը տեսնում է հակամարտության սառեցումը ներկայիս շփման գծով, ինչը, նրա կարծիքով, կարող է ստանալ ժողովրդի հավանությունը։ Խոսելով երկրի ներքաղաքական կյանքի մասին՝ Զելենսկին չի բացառել իր մասնակցությունը հնարավոր նոր ընտրություններին, եթե դրանք անցկացվեն կայուն հրադադարի պայմաններում, թեև Ռուսաստանի առաջարկած մեկօրյա հրադադարը քվեարկության համար որակել է որպես անհեթեթություն։
