Թեհրանը չի ընդունել Թրամփի բոլոր «կարմիր գծերը»․ Վենս – Armenia Today

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանը դեռ չի համաձայնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած բոլոր «կարմիր գծերին»՝ դիվանագիտական լուծման հասնելու համար։ Այդ մասին նա նշել է Ժնևում անցկացված բանակցություններից հետո։

Վենսը Fox News-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ բանակցությունները որոշ առումներով դրական են ընթացել։

«Որոշ իմաստով ամեն ինչ լավ անցավ․ նրանք համաձայնեցին շարունակել հանդիպումները»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, փոխնախագահը ընդգծել է, որ Թրամփը հստակ սահմանել է մի շարք «կարմիր գծեր», որոնք Իրանը դեռ պատրաստ չէ ընդունել և դրանց շուրջ աշխատել։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է հիմնականում Իրանի միջուկային ծրագրին և Վաշինգտոնի համար առանցքային այլ հարցերին։

Վենսի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտական ճանապարհին, սակայն նախագահը պահպանում է իրավունքը որոշելու, թե երբ կարող է համարել, որ դիվանագիտությունը սպառել է իրեն։

«Հույս ունենք՝ այդ կետին չենք հասնի, բայց եթե հասնենք, դա կլինի նախագահի որոշումը»,- նշել է նա։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 4-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև էական բանակցությունները, միջուկային հարցից բացի, պետք է ներառեն նաև Իրանի հրթիռային ծրագիրը, Թեհրանի աջակցությունը Մերձավոր Արևելքի խմբավորումներին և «սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը»։ Իրանական կողմը պնդել էր, որ բանակցությունների ժամանակ կքննարկեն միայն Թեհրանի միջուկային ծրագիրը։

Կարդացեք նաև՝

Իրանն ու ԱՄՆ-ն Ժնևում պայմանավորվել են միջուկային գործարքի սկզբունքների շուրջ

Leave a Comment