Ժնևում ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները «շատ լարված» էին

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Ժնևում ավարտել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների առաջին օրը, հայտնում է ՌԲԿ-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունները «շատ լարված» էին։ Ժնևում հանդիպումները և՛ երկկողմ, և՛ եռակողմ էին. երկխոսությունը տեղի է ունեցել ռուս-ամերիկյան, ռուս-ուկրաինական և ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունների ձևաչափերով, հայտնել է աղբյուրը։

Բանակցությունները կշարունակվեն փետրվարի 18-ին։ Դրանց ընթացքին հետևել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ներկայացուցիչները։

Ռուսական պատվիրակությունը գլխավորել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինականը՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։ ԱՄՆ պատվիրակությունը ներկայացրել են նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հունվարի 23-24-ին Աբու Դաբիում։ Կողմերը բանակցությունները բնութագրել էին որպես կառուցողական։ ԶԼՄ-ների տվյալներով՝ բանակցությունների ամենադժվար հարցը տարածքային խնդիրն է։

Leave a Comment