Ճապոնիան 5.2 մլն դոլար է հատկացնում Հայաստանում փախստականների և հյուրընկալող համայնքների զարգացման ծրագրին

Ճապոնիայի կառավարությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, մեկնարկում են 5.2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ եռամյա ծրագիր։ Նախաձեռնության նպատակն է ամրապնդել գյուղական համայնքների դիմակայունությունը և ստեղծել կայուն կենսաապահովման հնարավորություններ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի փախստականների ու տեղաբնակների համար։

Երևանում տեղի է ունեցել ծրագրի ստորագրման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են Հայաստանում Ճապոնիայի դեսպան Յուտակա Աոկին, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող այս նախաձեռնությունն ուղղված է մարդկային անվտանգության ամրապնդմանը և խոցելի բնակչության համար գյուղատնտեսության վրա հիմնված կայուն եկամտի աղբյուրների ստեղծմանը։ 

Ակնկալվում է, որ ծրագրից կօգտվի ավելի քան 100,000 մարդ։ Նրանք հնարավորություն կստանան օգտվելու նոր զբաղվածության հեռանկարներից, բարելավված ենթակառուցվածքներից և ընդլայնված շուկայական հասանելիությունից։

«Այս նախաձեռնության միջոցով մենք աշխատում ենք փախստականներին և հյուրընկալող համայնքներին տրամադրել այն գործիքները, հմտությունները և ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են արժանապատիվ և կայուն ապրուստ ունենալու համար», – նշել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին՝ հավելելով, որ Ճապոնիայի հետ գործընկերությունը փոխակերպող դեր ունի Հայաստանի զարգացման առաջնահերթություններին արձագանքելու գործում։

Մանրամասների համար կարող եք այցելել՝ https://go.undp.org/5An



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment