Օմանի ԱԳՆ․ Իրանն ու ԱՄՆ-ը առաջընթաց են գրանցել Ժնևում կայացած բանակցություններում

Իրանը և Միացյալ Նահանգները առաջընթաց են գրանցել Ժնևում միջուկային հարցի շուրջ բանակցությունների ընթացքում, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։

«Իրանի և Միացյալ Նահանգների միջև այսօր Ժնևում կայացած անուղղակի բանակցություններն ավարտվել են ընդհանուր նպատակների և համապատասխան տեխնիկական հարցերի որոշման գործում լավ առաջընթացով», -գրել է նա X-ում: Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ խորհրդակցությունները կառուցողական էին, և կողմերը «լուրջ ջանքեր են գործադրել վերջնական համաձայնագրի հետ կապված մի շարք հիմնական սկզբունքներ որոշելու համար»:

Միևնույն ժամանակ, Ալ-Բուսաիդին ընդգծել է, որ «դեռ շատ աշխատանք կա անելու» համաձայնության հասնելու համար:

«Կողմերը հեռացան հանդիպումից՝ հաջորդ քայլերի վերաբերյալ հստակ պատկերացում ունենալով», – եզրափակել է նա:

Օմանի նախարարը նաև բարձր է գնահատել Միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի ներդրումը բանակցային գործընթացում:

Leave a Comment