Սպերցյանը չպետք է անմիջապես գնա թոփ ակումբ․ Բարբոսա

Հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլու Բարբոսան կարծիք է հայտնել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի կարիերայի հնարավոր զարգացման վերաբերյալ։

Գործակալը խորհուրդ է տվել ֆուտբոլիստին խուսափել եվրոպական թոփ-ակումբներ անմիջապես տեղափոխվելուց։

«Սպերցյանը թոփ մակարդակի ֆուտբոլիստ է, սակայն դա դեռ չի երաշխավորում, որ նա 100 տոկոսով կհաջողի ցանկացած թիմում։ Նա չպետք է անմիջապես գնա թոփ ակումբ։ Անհրաժեշտ է նախ ընտրել միջին կարգի թիմ, այնտեղ ցույց տալ սեփական մակարդակը և սպասել բարձրակարգ ակումբ տեղափոխվելու ճիշտ պահին», – Բարբոսայի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը ցուցադրում է բարձր արդյունավետություն։ 18 հանդիպումներում Սպերցյանը դարձել է 8 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։ Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Սպերցյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են անգլիական և իտալական ակումբները։

Leave a Comment