Սահակյան․ Բաքվում դատապարտված հայ գերիներն ու պատանդները ՄԻԵԴ կդիմեն

Սահակյան․ Բաքվում դատապարտված հայ գերիներն ու պատանդները ՄԻԵԴ կդիմեն

17 փետրվարի 2026 – 17:36 AMT

PanARMENIAN.Net – Բաքվում դատապարտված հայ գերիներն ու պատանդները ՄԻԵԴ կդիմեն՝ առանց վերադաս ատյանների հնարավորությունը սպառելու: Այդ մասին Եվրոպական դատարանում հայ գերիների և պատանդների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նա անդրադարձել է այն հարցին, որ հիմա, երբ արդեն հայտնի են Բաքվի բանտերում պահվող հայ գործիչների վերաբերյալ դատարանների վճիռները, իրավական ինչ մեխանիզմներ կան դրանց բողոքարկման համար, հայտնում է Panorama.am-ը:

«Այո, խնդիրն ունի նաև իրավական լուծում։ Այն առաջնահերթորեն քաղաքական հարց է, սակայն հաշվի առնելով, որ իրավական գործընթացներն են նախ և առաջ չարաշահվել քաղաքական նպատակներով, այստեղ իրավական շարունակականության հնարավորություն կա»,- ասել է Սահակյանը։

Նրա խոսքով՝ ձևականորեն հնարավոր է դիմել վերադաս ատյաններ, սակայն դրանք չեն հանդիսանում արդյունավետ միջոց արդարադատության հասնելու համար։ Միաժամանակ ադրբեջանական իշխանությունները ճանաչել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը, և արդար դատաքննության իրավունքի խախտումները կարող են արդյունավետ կերպով ներկայացվել ՄԻԵԴ գանգատում։

«Նշեմ, որ ադրբեջանական հիմնական քաղբանտարկյալները, ակտիվիստները, լրագրողները, որոնք բռնաճնշումների զոհ են եղել, կարողացել են իրենց իրավունքների վերականգնումն իրականացնել հենց այս ատյանի միջոցով։ Իհարկե, ՄԱԿ-ի մեխանիզմը ևս կա, սակայն այն առավելապես քաղաքական ու բարոյական ճնշում է գործածում, իսկ իրավաբանորեն պարտադիր կատարման ակտեր կարող են ձեռք բերվել հենց ՄԻԵԴ գործունեության շնորհիվ»,- ընդգծել է Սահակյանը։

Փաստաբանի գնահատմամբ՝ ՄԻԵԴ դիմելու համար պարտադիր չէ դիմել Ադրբեջանի վերադաս ատյաններ՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարաններ, քանի որ Եվրոպական կոնվենցիան պահանջում է սպառել միայն համարժեք և արդյունավետ պաշտպանության միջոցները։

«Եթե պաշտպանության միջոցը տեսականորեն գոյություն ունի, սակայն ձևական է և չի կարող իրականում արդյունավետ գործել տարաբնույթ խնդիրների պատճառով, դիմումատուները կարող են ազատվել այդ պարտականությունից, ուղղակի ապացուցման բեռն է փոխվում։ Եթե դիմումատուները չեն սպառում վերադաս ատյանների հնարավորությունները, ապա իրենք պետք է հիմնավորումներ ներկայացնեն, թե ինչու տեսականորեն գոյություն ունեցող մեխանիզմները համարում են անարդյունավետ»,- ընդգծել է Սահակյանը։

Նա հավելել է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա է նախադեպ, երբ ադրբեջանական դատարանները չեն ապահովել արդյունավետ պաշտպանություն։ Որպես օրինակ նա հիշեցրել է Գուրգեն Մարգարյանի գործը, երբ Իլհամ Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հրամանագիրը չի վիճարկվել ներպետական դատարաններում, թեև նման ակտերը ենթակա են դատական վերանայման։

«Ադրբեջանի վերադաս ատյաններն անարդյունավետ են հայերի դեպքում։ Նման նախադեպեր ունենք այլ զոհերի մասով՝ Խոջոյան, Սարիբեկյան, Բադալյան և այլն։ Նախադեպ ունենք նաև սեփականության իրավունքի գործերով, այսինքն չփոփոխված, միատեսակ դատական որոշում, ինչը փաստում է, որ հայերը արդյունավետ պաշտպանության իրավական միջոցներ չունեն Ադրբեջանում»,- ասել է նա։

Հարցին՝ արդեն նախաձեռնվե՞լ են կամ նախաձեռնվո՞ւմ են ՄԻԵԴ դիմելու գործընթացներ, Սիրանուշ Սահակյանը պատասխանել է, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբանական խումբը շուտով հանդես կգա հայտարարությամբ։

Ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին, ապա նա նշել է, որ գտնվում է նրանց ընտանիքների անդամների հետ խորհրդակցությունների փուլում, իսկ մանրամասները կհայտնի ավելի ուշ։

«Բնականաբար, այս գործընթացները իրավական շարունակականություն ունենալու են։ Ուղղակի մանրամասները կկարողանան հայտնել ավելի ուշ»,- ասել է փաստաբանը։

Ադրբեջանի իշխանությունները 20 տարվա ազատազրկման դատապարտեցին օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանին։

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Leave a Comment