17 փետրվարի 2026 – 18:02 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2025 թվականին կազմել է մոտ 7.9 տրլն դրամ, որի գերակշիռ մասը՝ 23.2 տոկոսը, կամ 1 տրլն 907 մլրդ 520 մլն դրամը, սպառողական վարկերն են: Նախորդ տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
Երկրորդ խոշոր ուղղությունը հիփոթեքային վարկավորումն է՝ 21.3 տոկոս կամ 1 տրլն 665 մլրդ 545 մլն դրամ, հայտնում է Արմենպրեսը:
Հաջորդում են շինարարության ոլորտի վարկերը՝ 859 մլրդ 952 մլն դրամ, սպասարկման և այլ ոլորտների վարկերը՝ 836 մլրդ 816 մլն դրամ, առևտրի վարկավորումը՝ 732 մլրդ 649 մլն դրամ, արդյունաբերության վարկերը՝ 728 մլրդ 301 մլն դրամ, իսկ գյուղատնտեսական վարկերը՝ 404 մլրդ 505 մլն դրամ։ Մնացած ոլորտների վարկավորումը միասին կազմել է ընդհանուր պորտֆելի 9.9 տոկոսը։
Մեկ տարվա համեմատությամբ՝ 2024-ի նկատմամբ, վարկավորման ամենաբարձր աճը գրանցել է շինարարությունը՝ 30.2 տոկոս։ Սպառողական վարկերն ավելացել են 29.6 տոկոսով, սպասարկման և այլ ոլորտներին ուղղված վարկերը՝ 28.4 տոկոսով, արդյունաբերական վարկերը՝ 25.2 տոկոսով, գյուղատնտեսականը՝ 17.6 տոկոսով, առևտրինը՝ 16.1 տոկոսով, իսկ հիփոթեքային վարկավորումը՝ 13.2 տոկոսով։
Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը նախորդ տարվա համեմատ նվազել են 2 տոկոսով՝ կազմելով ընդհանուրի 44 տոկոսը, մինչդեռ իրավաբանական անձանց վարկավորումը աճել է 25 տոկոսով՝ հասնելով 56 տոկոսի։
Դանիել Ազատյանի տվյալներով՝ բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 12 տրլն 830 մլրդ դրամ՝ ավելանալով մոտ 1.8 տրլն դրամով կամ 16.6 տոկոսով։ Վարկային ներդրումներն աճել են գրեթե 1.5 տրլն դրամով կամ 23 տոկոսով՝ հասնելով 7.9 տրլն դրամի։
Բանկերի ընդհանուր կապիտալը մեծացել է մոտ 400 մլրդ դրամով կամ 22.4 տոկոսով՝ կազմելով մոտ 2 տրլն 175 մլրդ դրամ։ 2025 թվականին ավանդներն աճել են մոտ 1 տրլն դրամով կամ 15.5 տոկոսով՝ հասնելով 7.5 տրլն դրամի, իսկ ընդհանուր պարտավորությունները ավելացել են 1.4 տրլն դրամով։
Ազատյանը արձանագրել է, որ վերջին երկու-երեք տարիների ընթացքում բանկային համակարգի հիմնական ցուցանիշների աճի տեմպերը զգալիորեն արագացել են։