Երևանի օդի աղտոտվածության վրա կանաչապատման ազդեցությունը շատ փոքր է, Factor TV-ի եթերում ասաց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ շինարարությունն ավելի քիչ է ազդում օդի աղտոտվածության վրա, հիմնական գործոն են տրանսպորտային արտանետումները։
«Որ մտածենք՝ կանաչ տարածքներով այդ հարցը լուծելու ենք, սխալ է։ Պետք չէ գնահատել այդ մի գործոնի դերը։ Որ կանաչապատման ներկա տեմպերն աննախադեպ են, միանշանակ է և հնարավոր չէ հերքել։ Նախ, պետք է հասկանալ աղտոտման աղբյուրները, իսկ դա հասկանալու համար պետք են սարքեր, որոնք չափում են արտանետումները տարբեր աղբյուրներից»,- ասաց քաղաքապետարանի պաշտոնյան՝ նշելով, որ նախատեսվում է չափիչ նոր սարքավորումներ գնել։
Գորիկ Ավետիսյանը հիշեցրեց, որ 2024 թվականից գործում է 2,5 տոննայից ծանր բեռնատարների՝ աշխատանքային ժամերին Փոքր Կենտրոն մուտք գործելու արգելքը։ Նա նաև մատնանշեց, որ քաղաքապետարանը պայմանագրի համապատասխան կետով կառուցապատողներին պարտավորեցնում է կիրառել փոշու արտանետումը բացառող տեխնոլոգիաներ։
«Ինչքան էլ դա թանկ է՝ համեմատած մյուս տեխնոլոգիաների հետ, ընկերություններն առանց այդ սարքավորումների հնարավորություն չեն ունենա մասնակցել մրցույթներին։ Կահավորված շինհրապարակների թիվն ավելանում է, որպեսզի ունենանք կարգավորված կառուցապատում»,- ասաց նա։
Երևանի ավագանու անդամ, ԵՊԲՀ դոցենտ Քրիստինա Վարդանյանն իր հերթին դրական գնահատեց այս նորամուծությունը։
Նա, սակայն, չհամաձայնեց քաղաքապետարանի պաշտոնյայի այն հայտարարությանը, թե վերջին հրդեհից հետո Նուբարաշենի աղբավայրում այնպիսի մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, որոնք աղբավայրը գրեթե մոտեցրել են սանիտարական աղբավայրի մակարդակի։ Վարդանյանը Գորիկ Ավետիսյանի այս հայտարարությանն արձագանքեց «վա՜յ» բացականչությամբ։
Գորիկ Ավետիսյանը վստահություն հայտնեց՝ Նուբարաշենի աղբավայրում այլևս հրդեհներ չեն լինելու։
«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն էլ հավելեց՝ մեծ պատասխանատռվություն է այս տարի աշնանը Երևանում ՄԱԿ-ի կլիմայական փոփոխություների շրջանակային կոնվենցիայի համաժողովը հյուրընկալելը։
«Մենք պետք է մեզ հարգենք»,- ասաց բանախոսը՝ ընդգծելով ազգաբնակչության՝ օդի աղտոտվածության հետևանքները լիովին գիտակցելու կարևորությունը։