2026 թվականի փետրվարի 9-12-ը Հռոմում ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի (UNICRI) կողմից կազմակերպվել էր աշխատաժողով, որին մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անահիտ Աբրահամյանը և Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Աշխեն Ղարսլյանը։
Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Դատական իշխանության պաշտոնական կայքէջից։
Աշխատաժողովն անցկացվել է «Աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին՝ ակտիվների վերականգնման գործընթացի բարելավման համար II» ծրագրի շրջանակներում։ Աշխատաժողովի շրջանակում ներկայացվել է բռնագրավված և բռնագանձված ակտիվների վերաբաշխման, կառավարման և օգտագործման վերաբերյալ Իտալիայի փորձը։ Մասնավորապես, մատնանշվել են հանրային և սոցիալական այն ուղղությունները, որոնց հաշվառմամբ տեղաբաշխվել են այդ ակտիվները և արդյունավետորեն օգտագործվել հանրային կարիքների համար։
Միաժամանակ տեղի է ունեցել նաև «Աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին՝ ակտիվների վերականգնման գործընթացի բարելավման համար II» ծրագրի ղեկավար կոմիտեի երկրորդ նիստը, որի ընթացքում ինստիտուտի (UNICRI) կողմից ներկայացվել են ակտիվների վերականգնման ուսումնասիրությունների ծրագրի արդյունքները և նախանշվել են շահառու պետությունների հետ համագործակցության նախընտրելի ուղղությունները։
Հայ պատվիրակների այցը եզրափակվել է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ հանդիպմամբ։