17 փետրվարի 2026 – 14:50 AMT
PanARMENIAN.Net – ՊՆ նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար: Նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատարը դիտավորությամբ ստեղծել է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու վիճակ։ Նա ձևականորեն օտարել է իրեն պատկանող այլ անշարժ գույքեր և խարդախությամբ հափշտակել է ՊՆ նախարարի հրամանով անհատույց օգտագործման իրավունքով իրեն տրամադրված բնակարանը։ Այս մասին տեղեկացրել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ պաշտոնատար անձը, մշտապես բնակվելով իրեն և կնոջը պատկանող բնակարանում, 2018 թվականի հոկտեմբերի 9-ին ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին է ներկայացրել բնակելի մակերեսով ապահովվածության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որի հիման վրա հանձնաժողովը Երևանի հասցեներից մեկի բնակարանն անհատույց սեփականության իրավունքով վերջինիս տրամադրելու հարցին տվել է դրական եզրակացություն։
Արդյունքում՝ 2019 թվականի հուլիսին ՊՆ հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափերի՝ 21,400,000 ՀՀ դրամ արժողությամբ բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է հիշյալ պաշտոնյային»,-ասվում է հաղորդագրությունում:
Վերջինիս մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին):
Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում.հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: