Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հաղորդում է իրանական պետական IRIB հեռուստաալիքը։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները սկսվել են հաղորդագրությունների փոխանակմամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆֆը։
Բանակցությունների նախորդ փուլը, որը Օմանի միջնորդությամբ անցկացվել է մայրաքաղաք Մուսկատում, տեղի է ունեցել փետրվարի 6-ին։
Հաղորդվում է, որ Արաղչիին ուղեկցում են նախարարի չորս տեղակալները՝ Մաջիդ Թախթ-Ռավանչին, Քազեմ Ղարիբաբադին, Համիդ Գանբարին և Էսմայիլ Բաղաին։
Իրանցի պաշտոնյաների խոսքով՝ բանակցությունների այս փուլը հիմնականում կենտրոնացած կլինի Իրանի միջուկային խնդրի և Թեհրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման վրա, իսկ տարածաշրջանային և հրթիռային ծրագրի հարցերը օրակարգում չեն լինի:
