Լրագրողական հարցումը՝ լրացուցիչ ապացույցով․ Վարչական դատարանի նախադեպային որոշումը

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին դիմելիս լրագրողները պարտավորվում են ներկայացնել լիազորագիր, հակառակ դեպքում դատարանում կհամարվեն ոչ թե լրագրող, այլ  ուղղակի քաղաքացի։ Սա Վարչական դատարանի նախադեպային որոշումից բխող նոր պահանջն է լրագրողների համար։

Հիշեցնենք, որ լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար: Այն անհրաժեշտ է, օրինակ, գործարքներ կնքելու կամ անձի անունից տարբեր գործողություններ կատարելու համար։

Ինչպես տեղեկանում է Iravaban.net-ը, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել, պահանջելով պարտավորեցնել Վանաձորի համայնքապետարանին տրամադրել 2025թ. ընթացքում Վանաձոր քաղաքում տրամադրված շինթույլտվությունների պատճենները: Համայնքապետարանը չի պատասխանել կազմակերպության լրագրողի գրավոր հարցմանը և օրենքով սահմանված կարգով  չի տրամադրել տեղեկատվությունը: Վարչական դատարանը դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ մերժել է հայցադիմումի վարույթ ընդունումը՝ պատճառաբանելով, որ հարցումը ներկայացրել է ֆիզիկական անձ լրագրողը, իսկ կազմակերպության անունից հանդես գալու լիազորագիր չի կցվել։ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Պողոսյանի, պահպանել է այս դիրքորոշումը՝ փաստացի արձանագրելով, որ ձևաթղթի վրա լրատվամիջոցի անվան և լրագրողի կարգավիճակի նշումը բավարար ապացույց չեն ներկայացուցչական լիազորությունը հաստատելու համար։

Եթե Վարչական դատարանի դիրքորոշումն ընդունվի որպես ընդհանուր կանոն, ապա յուրաքանչյուր լրագրող, յուրաքանչյուր հարցման պետք է գրավոր լիազորագիր կցի, ապացուցի իր ներկայացուցչական կարգավիճակը։

«Զանգվածային լրատվության մասին» օրենքից բխում է, որ լրագրողը հանդես է գալիս որպես լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ։ Ընդ որում, եթե լրագրողը դիմում է ներկայացնում լրատվամիջոցի պաշտոնական ձևաթղթով և հստակ նշում է իր մասնագիտական կարգավիճակը, ենթադրաբար նա գործում է տվյալ խմբագրության անունից և դրա շահերի շրջանակում։ Նման պայմաններում լրագրողի գործողությունները չեն կարող ընկալվել որպես անձնական նախաձեռնություն, քանի որ դրանց ձևական ու բովանդակային հատկանիշները վկայում են, որ նա գործել է ոչ թե սեփական, այլ կազմակերպության կամ այլ անձի անունից։

Եթե Վարչական դատարանի սահմանած այս նոր պահանջը դառնա պարտադիր պայման, չի՞ ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ պետական մարմինները կօգտվեն այդ ձևական պահանջից և կխուսափեն լրագրողական հարցումներին պատասխանելուց՝ հղում անելով լիազորագրի բացակայությանը։

Նման կարգավորման կիրառումը կարող է ոչ թե նպաստել տեղեկատվության մատչելիությանը, այլ հակառակը՝ սահմանափակել այն՝ ստեղծելով լրացուցիչ խոչընդոտ լրագրողի և պետական մարմինների միջև։

Leave a Comment