Դատախազությունը ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 12 անշարժ և շարժական գույք, ինչպես նաև շուրջ 21 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, տեղեկանում ենք դատախազությունից։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը, որը ներկայացվել է Հակոբյանի, նրա կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի, եղբոր՝ Կարեն Հակոբյանի, վերջինիս կնոջ, դստրերի և ծնողների նկատմամբ։
Մասնավորապես, բռնագանձման են ենթակա 9 անշարժ գույք, 3 տրանսպորտային միջոց, մեկ իրավաբանական անձում մասնակցություն, ընդհանուր 122 մլն 614 հազար դրամի չափով 4 փոխառության պահանջի իրավունք, 741 հազար ԱՄՆ դոլար արժեքով 2 պարտատոմս և 240 հազար ԱՄՆ դոլարի չափով 2 ավանդ։
Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 4 մլրդ 524 մլն 816 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 2 մլրդ 814 մլն 926 հազար դրամ, որը, ըստ ԳԴ-ի, չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ նույնականացնել կամ բռնագանձել։
