Ֆրանսիայի երեք դեպարտամենտներում հայտարարվել է կլիմայական վտանգի ամենաբարձր (կարմիր) մակարդակը։ Այս մասին հայտնել է Météo-France ազգային օդերևութաբանական ծառայությունը։
Խոսքը վերաբերում է Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Մեն և Լուար դեպարտամենտներին, ինչպես նաև հարավ-արևմուտքում գտնվող Ժիրոնդին և Լոտ և Գարոնին, որտեղ ուժեղ անձրևները լայնածավալ ջրհեղեղներ են առաջացրել։
Շարանտ-Մարիտիմ դեպարտամենտի Կոնյակ քաղաքում, որտեղ հայտարարվել է նախավերջին (նարնջագույն) վտանգի մակարդակը, փողոցները հեղեղվել են, և բնակիչները տարհանվում են տուժած տարածքներից։ Շարանտ գետի ջրի մակարդակը, որի ափին է գտնվում այս հին քաղաքը, 44 տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է ռեկորդային 8 մետրը։ Հարևան Սենտ համայնքում քաղաքային բանտից շտապ տարհանվել է 135 կալանավոր։
Փարիզում տեղական իշխանությունները փակել են Սենի ափերի մի մասը՝ ջրհեղեղի սպառնալիքի պատճառով։ Գետի ջրի մակարդակը գերազանցել է 3 մետրը, բայց մասնագետները կարծում են, որ այն չի հասնի 4 մետրի։
BFMTV-ի նախնական գնահատականներով՝ ջրհեղեղի վնասը կարող է կազմել մինչև 3 միլիարդ եվրո։
Ինչպես նշել է Ազգային ջրհեղեղի տեղեկատվական ծառայության (Vigicrues) ղեկավար Լյուսի Չադուրն-Ֆակոնը, «իրավիճակի կայունացում առաջիկա օրերին չի սպասվում»։