ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում ռուս-ուկրաինական հակամարտության լուծման գործընթացի մասնակիցներից որևէ մեկին պարտադրել կարգավորման շուրջ ապագա համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Sky News-ը։
«Մենք միայն փորձում ենք դեր խաղալ համաձայնության հասնելու գործում, եթե դա հնարավոր է։ Մենք չենք ձգտում համաձայնագիրը պարտադրել որևէ մեկին, մենք որևէ մեկին չենք փորձում ստիպել ընդունել համաձայնագիր, որը նրանք չեն ցանկանում։ Մենք պարզապես ցանկանում ենք օգնել, որովհետև կարծում ենք, որ դա չափազանց վնասակար պատերազմ է», – ասել է նա:
Ռուբիոն շեշտել է, որ միայն ԱՄՆ-ին է հաջողվել Ռուսաստանին և Ուկրաինային նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ․ դա չեն արել ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ եվրոպական երկրները։