Անօդաչու թռչող սարքեր արտադրող հայկական «Դավարո» ընկերությունը հերքել է իսրայելական Harop թռչող սարքի կրկնօրինակման մասին տեղեկությունները և դրանք անվանել «ոչ ճշգրիտ»։
Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ վերջին օրերին միջազգային մամուլում քննարկման առարկա է դարձել այն տեղեկատվությունը, ըստ որի՝ «Դավարո» ընկերության կողմից ստեղծված անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համակարգերի հիմքում դրված են այլ արտադրողների կողմից տրամադրված տեխնոլոգիաներ։
Ընկերությունը հայտարարել է, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ «Հրապարակված վերլուծությունները կատարված են ոչ ճշգրիտ և իրական բնութագրերին չհամապատասխանող տվյալների հիման վրա։ «Դավարո» ընկերությունն իր արտադրանքների մշակումներն իրականացնում է բացառապես սեփական տեխնոլոգիական լուծումների հիման վրա՝ հենվելով հայկական ինժեներական ներուժի, կուտակած փորձի և գիտատեխնիկական կարողությունների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
Ընկերությունից ընդգծել են, որ անօդաչու թռչող սարքերի կոնցեպտների կամ կառուցվածքային սխեմաների որոշակի նմանությունները չեն կարող դիտարկվել որպես նմանակում կամ կրկնօրինակում։ «Ավիացիոն և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվում են համընդհանուր ինժեներական մոտեցումներ և աէրոդինամիկական լուծումներ, որոնք միջազգային պրակտիկայում ընդունված են որպես արդյունավետ կառուցվածքային սկզբունքներ»,- նշել են ընկերությունից։
Ըստ հաղորդագրության ՝ ընկերության կողմից մշակված համակարգերը բնութագրվում են բարձր տեխնոլոգիական լուծումներով, կատարելագործված կառուցվածքով և բարձր արդյունավետությամբ։
Ընկերությունից շեշտել են, որ դրանք չեն զիջում, իսկ մի շարք ցուցանիշներով գերազանցում են հրապարակումներում նշված համակարգերին՝ ինչպես որակական, այնպես էլ գործառութային հնարավորությունների առումով։
Ընդգծել են, որ ընկերությունում շարունակաբար իրականացվում են տեխնոլոգիական արդիականացման ծրագրեր, հետազոտական և զարգացման աշխատանքներ և արտադրական հզորությունների ընդլայնում և մասշտաբավորում։
Ընկերությունից հավելել են, որ «Դավարո» -ի ռազմավարական նպատակներն ուղղված են բացառապես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և ազգային անվտանգային համակարգի տեխնոլոգիական մակարդակի բարձրացմանը, պաշտպանունակության ամրապնդմանը և տեղական ռազմարդյունաբերական ներուժի զարգացմանը։
