Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժիններից մեկում պաշտոն զբաղեցրած Տիգրան Գրիգորյանը 2024 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին չորս դրվագով, ծառայողական լիազորությունները չարաշահելով և չարձանագրելով ապօրինի աշխատանքները, Երևան համայնքին պատճառել է շուրջ 3 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս։
Մայրաքաղաքի 4 հասցեներում իրականացված շինարարական աշխատանքները, որոնք չեն արձանագրվել որպես իրավախախտում, ՀՀ կառավարության որոշման համաձայն համարվում են թույլտվություն պահանջող աշխատանքներ։ Դրանք առանց համապատասխան թույլտվության իրականացնելու դեպքում ենթակա են արձանագրման՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածով սահմանված կարգով։
Առաջին դրվագով Տիգրան Գրիգորյանը տեղեկացված է եղել, որ Երևան քաղաքի կենտրոնի բնակիչը ՀՀ կառավարության որոշման պահանջների խախտմամբ, առանց շինթույլտվության ապօրինի վերակառուցել է պատշգամբը;
Նույն ժամանակահատվածում, մեկ այլ դրվագով, Տիգրան Գրիգորյանը, տեղեկացված լինելով, որ Նալբանդյան փողոցի տներից մեկում իրականացվում են ապօրինի շինարարական աշխատանքներ, իրավախախտումը արձանագրելու և օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ որևէ քայլ չի կատարել։
2024 թվականի սեպտեմբերին Տիգրան Գրիգորյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման երրորդ և չորրորդ դրվագները նույնաբնույթ են:
Այսպիսով, Տիգրան Գրիգորյանը, քաջատեղյակ լինելով ապօրինի շինարարական աշխատանքների մասին, անմիջապես կապ է հաստատել նշված բնակիչների հետ և հորդորել հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնել սկսված աշխատանքները՝ հետագա իրավական խնդիրներից խուսափելու նպատակով։
Նշենք, որ Տիգրան Գրիգորյանը նախկինում ևս մեղադրվել է համանման արարքների համար, և 2025 թվականի ապրիլին նրա վերաբերյալ քրեական վարույթ է ուղարկվել դատարան, իսկ վերոնշյալ 4 դեպքերը հայտնաբերվել են հետագա նախաքննության ընթացքում։ 2026 թվականի հունվարի 23-ին Տիգրան Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում՝ ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու և իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար:
Նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը իրավասու դատարան հանձնելու միջնորդությամբ ուղարկվել են հսկող դատախազին: