Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մեծ Պահքի առիթով հղած ուղերձում անդրադարձել է ազգային ու հայրենական կյանքի խնդիրներին՝ խոսելով նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող գործընթացների մասին։
Կաթողիկոսը կոչ է արել հավատավորներին խաղաղություն գտնել Քրիստոսով, ապրել «Մայր Եկեղեցուն հավատարիմ մնալու հաստատակամությամբ» և պահպանել ազգային ինքնությունն ու սրբազան արժեքները։
«Մեր օրերում, երբ ազգային ու հայրենական կյանքի խնդիրների, մեր Սուրբ եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, ում միջոցով հաշտվեցինք Աստծո հետ»,- նշել է Վեհափառը։
Ուղերձում Ամենայն Հայոց կաթողիկոսը հիշեցրել է, որ Մեծ Պահքը ապաշխարության, ինքնաքննության և աղոթքի շրջան է՝ առաջնորդող դեպի Քրիստոսի Սուրբ և Հրաշափառ Հարության տոն։
Նա հորդորել է զղջման և ներողամտության ճանապարհով ամրացնել կապը Աստծո հետ՝ հիշեցնելով Տիրոջ խոսքը. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»։
Կաթողիկոսը կոչ է արել աղոթել, որպեսզի պահեցողության շրջանը դառնա համընդհանուր զղջման առիթ, և ժողովուրդը կարողանա միասնաբար հաղթահարել դժվարությունները։ Նա նաև մաղթել է, որ Աստված խաղաղություն հաստատի աշխարհում և Հայաստանում՝ պահելով ու պահպանելով ազգը, պետությունն ու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։
Կաթողիկոսը հունվարի 10-ին Մասյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանին (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) ազատել էր պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ որոշումը, իսկ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնը։ Հունվարի 16-ին դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը, իսկ հունվարի 27-ին կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Վարչապետն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական, որոնց թվում էր նաև Սարոյանը, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։
ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել վեհափառի ելքը Հայաստանից։
