Ադրբեջանը պնդել է, որ հունվարին Հայաստան է արտահանել 2,4 մլն դոլարի նավթամթերք

2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2,4 մլն դոլարի նավթամթերք, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ սա Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0,11%-ն է։

2025 թվականի նոյեմբերին ռուսական ցորենով բեռնված գնացք էր ժամանել Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել էր, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսում է Ադրբեջանի տարածքով նոր երկաթուղային երթուղով Հայաստան ուղարկել ցորենով բեռնված ևս 132 վագոն:

Հունվարի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Բաքվից դեպի Հայաստան նավթամթերքի 2-րդ խմբաքանակի առաքման մասին։ Վառելանյութի առաջին խմբաքանակն Ադրբեջանից ներկրվել էր 2025 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ Հայաստան էր մուտք գործել 1300 տոննա A95 բենզին հայ-վրացական սահմանին գտնվող Այրում կայարանով:

Փետրվարի 3-ին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ուղարկված հացահատիկով բեռնված երկաթուղային վագոնները հասել էին Հայաստան։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել էր, որ Հայաստանը 1-2 ամսից կարող է ապրանքներ արտահանել Ադրբեջան։

 

Leave a Comment